Մատչելիության հղումներ

Առաքելական նվիրակությունը Հայաստանի համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու խորհրդանիշ. Էդգար Պենյա Պառա


Վատիկանի Առաքելական նվիրակության բացման առիթով Երևանում է Սուրբ Աթոռի ընդհանուր հարցերով պետական քարտուղարի տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի գլխավորած պատվիրակությունը։

Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչն ընդգծեց, որ չնայած միջոցների ու անձնակազմի սակավությանը, ծրագիրը իրականություն դարձավ մի քանի ամսվա ընթացքում։

«Համոզված եմ, որ այս առաքելական նվիրակությունը Հայաստանի և ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություններ ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ», - նշել է Սուրբ Աթոռի ընդհանուր հարցերով պետական քարտուղարի տեղակալը:

Հայաստանի արտգործնախարարն իր հերթին կարևորեց հանգամանքը, որ Վատիկանը միշտ Հայաստանի կողքին է եղել։ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ղարաբաղյան պատերազմի օրերին և դրանից հետո Վատիկանը հաղորդագրություններ տարածեց ու կոչեր արեց՝ ազատ արձակելու հայ գերիներին։

«Այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Մենք խնդրում ենք, որպեսզի սրբազան քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը; Նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև։ Այս առումով մենք կարևորել ենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը այս հարցում», - ընդգծեց Միրզոյանը:

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունները կողմերը «առանձնահատուկ» որակեցին։

2016 թվականին Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով Հայաստանում էր, մինչ այդ էլ՝ 2015-ի ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապի Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարությունն էր հնչել։ Այս տարիների ընթացքում բարձր մակարադակով փոխայցելությունները շարունակվել են։ Վերջերս էլ Հայաստանի նախագահն էր Վատիկանում։

Հանդիպումից հետո արտգործնախարար Միրզոյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG