Քովիդով հիվանդներին ընդունող բուժկենտրոններին թթվածին մատակարարող խոշոր կայաններից մի քանիսն օրերս ծանրաբեռնվածության հետևանքով վթարվել էին։ Մի շարք հիվանդանոցներում խուճապ էր սկսվել, հիվանդներին թթվածին հասցնելու դժվարություններ էին ծագել։
«Ազատության» տեղեկություններով՝ վթարից հետո խնդրի առաջ էին կանգնել հատկապես մարզային հիվանդանոցները։
Վեդիի քովիդ կլինիկայի վարորդն ասում է՝ այդ օրերին քնել էլ չի հասցրել, ողջ գիշեր թթվածնի բալոն է տեղափոխել։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանը թթվածին արտադրող 8 մեծ կայան է ձեռք բերել, այս պահին 15-ից ավելի այդպիսի կայան կա երկրում։ Առողջապահության նախարարությունից փոխանցում են՝ դրանք բոլորն աշխատում են առանց դադարի։ Բուժկենտրոններին կից մոնտաժված այդ կայանները օդից թթվածին են զտում ու մղում անմիջապես հիվանդանոց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 100 հազար COVID-ի ախտորոշման թեստՎեդիի հիվանդանոցի ինժեներն ասում է՝ ժամը մեկ պետք է փոխեն թթվածնի դատարկվող բալոնները, եղել է դեպք, երբ մեկ օրում 190 բալոն են օգտագործել. «Ընդհանուր բալոնները 15 հատ միացրած է, մեկ ընդհանուր խողովակով լրիվ հարկերին մատակարարում է»:
Վեդիի քովիդ հիվանդանոցի 85 մահճակալներն ամբողջությամբ զբաղված են։ «Հիվանդը տանն այսօր իրեն լավ է զգում, մի քանի րոպե հետո՝ չի կարողանում շնչել», - դելտա շտամով պայմանավորված հիվանդության ընթացքն է նկարագրում հիվանդանոցի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանն ու հավելում՝ 25 լիտրանոց բալոնն անցած տարի 2-3 հիվանդի էր հերիքում, իսկ հիմա՝ «սենց բալոնը ծանր հիվանդը կարող ա 15 րոպեում շնչի ու վերջանա»:
Փոխտնօրենն ասում է՝ իրենց բուժկենտրոնում այսօր հոսպիտալացված 85 հիվանդներից միայն մեկը թթվածնի կարիք չի ունեցել, որն էլ պատվաստված է եղել. «Էդ հիվանդներն ավելի թեթև են տանում, ավելի շուտ են բուժվում»:
Սամվել Խաչատրյանն ասում է՝ նախարարության աջակցությամբ, թթվածնի խնդիրն արդեն լուծվել է, բայց, եթե մարդիկ շարունակեն չպատվաստվել՝ հիվանդանոցն այդ բեռին չի դիմանա, թթվածնային կայաններն էլ շարքից դուրս կգան։ «Անցած տարի այս ժամանակահատվածում և՛ հիվանդների ծանրության աստիճանն այդ ձևի չէր, հիվանդների հոսքն էլ էր ավելի քիչ, իսկ հիմա շատ ավելի շատ է»:
Օրերս թթվածնի խնդիրը սրվել էր նաև Սպիտակի հիվանդանոցում, որը Լոռու մարզի ամենամեծ քովիդ կլինիկան է։ Տնօրեն Վարդուհի Սիսակյանն ասում է՝ թթվածին շնչող հիվանդների թվի աճին կայանները չեն դիմանում, իրենք նույնպես. «ԲԿ-ի տնօրեններով կազմակերպված բալոններ ենք փոխանակում, ամբողջ գիշեր բալոններ ենք կրում, որ որևէ ԲԿ-ում թթվածնի հոսքը չխաթարվի: Առողջության հաշվին առողջություն ենք պարգևում, մենք այլևս չենք կարողանում ֆիքսել մահերը, որովհետև հոգեբանորեն ծանր ընկճված վիճակում ենք»:
Այստեղ էլ 140 մարդ է հոսպիտալացված, կրկին մեկն է պատվաստված եղել, ռեանիմացիա չի հասել ու առանց բարդությունների դուրս է գրվել։ Պատկերը նույնն է նաև Հրազդանի քովիդ կլինիկայում, 50 մահճակալ ունեն, բոլորը զբաղված են: Ըստ տնօրեն Կարեն Սահակյանի, թթվածնի արդեն լուծված խնդիրն ամեն րոպե կարող է կրկին սրվել, եթե հիվանդների թիվն ավելանա։
«Սենց երկարատև շարունակվի, համակարգը կկանգնի լուրջ խնդիրների առաջ, որովհետև 10 տոկոս ծանրաբեռնված հիվանդանոցները վաղը, մյուս օրը խնդիր են ունենալու», - ասաց Սահակյանը:
Հիվանդանոցներին թթվածին մատակարարող խոշոր կայաններից մեկը գտնվում է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»-ում։ Տնօրեն Անի Ապրահամյանի խնդրանքով՝ Հայ ամերիկյան բժշկական միությունն (Armenian American Medical Society) ու Հայ Ամերիկյան Բժշկական ասոցիացիան (The Armenian American Medical Association) 700 հազար դոլարի նվիրատվություն են արել ու մեկ նոր թթվածնային կայան ուղարկել լաբորատորիային։ Այս լաբորատորիայի վթարված 60-ամյա կայանն արդեն նորոգվել է, նորն էլ շուտով կգործի, բայց տնօրենը մտահոգված է՝ իրենց արտադրած թթվածնի պահանջարկը 4 անգամ ավելացել է:
«Նույնիսկ այդ կրկնապատիկը այս վայրկյանիս չի բավարարում, մենք հիմա խոսցեինք Առողջապահության նախարարության հետ, որոշեցինք միասին, որ մենք իրենց տանք թթվածինը մեծ քանակով, և իրենք որոշեն, թե որ հիվանդանոցը ավելի կարիք ունի», - նշեց Անի Ապրահամյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համաճարակային վիճակը երկրում ծայրահեղ լարված է, ընդգծում է վարչապետըՀայաստանում 27 հիվանդանոց է այսօր քովիդով հիվանդների բուժմամբ զբաղվում, հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն, ըստ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանի, թթվածին է շնչում։ Պաշտոնյան ասում է՝ հիմա հիվանդանոցներ ընդունում են միայն թթվածնի կարիք ունեցողներին, այդպիսի 200-ից ավելի հիվանդ էլ սպասում են տներում։ Փոխնախարարի խոսքով՝ երբ մեկ կամ երկու կայան է խնդիր ունենում, թթվածնի հարցն այսպես չի սրվում, բայց օրերս, երբ անդադար աշխատելու պատճառով միանգամից 4 խոշոր կայան էր վթարվել, իրավիճակը ճգնաժամային էր դարձել։
«Կոլապսի շեմին էինք, ընդհուպ մինչև 100-ից ավելի հիվանդանոցներ ունեցողներ կային, որ մնացել էր 1-2 ժամ մինչև թթվածնի սպառումը, դրանից հետո ուղղակի աղետ էր լինելու: Անմարդկային ջանքերով ուղղակի խուսափեցինք այդ ամենից՝ Հայաստանի տարբեր ծայրերից մեկական, երկուական բալոններ հավաքելով, այդ հիվանդանոցներին բերելով, մինչև կայանները վերանորոգվեցին: Մենք վերին սահմանագծում են գտնվում մահճակալային հզորությունների, ու մեր թթվածնի արտադրությունը մի կերպ է հասցնում բավարարել մահճակալներին թթվածնով, սրանից ավելի չգիտեմ էլ արդեն ինչ կարող ենք անել, իրոք, կարմիր գծի վրա ենք հիմա: Կարմիր գիծը միգուցե նաև հատել ենք: Սենց իրավիճակ չի եղել նույնիսկ պատերազմի ժամանակ», - ընդգծեց Սիմոնյանը:
Քովիդ հիվանդանոցների տնօրենները ասում են՝ պատվաստված լինելու շնորհիվ իրենց բուժաշխատողներին այս տարի հաջողվում է խուսափել քովիդից, բայց շեշտում են՝ բուժաշխատողների ծանրաբեռնվածությունն այնքան է ավելացել, որ հյուծվել են, ոտքի վրա են քնում, օրերով տուն չեն գնում։