Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում է իր մոտեցումը՝ պատրաստ են ընդառաջ գնալ Երևանից եկած դրական ազդակներին, բայց իրենց քայլերը համաձայնեցնում են նաև Բաքվի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիզուլիում Ալիևի և Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցավ նորակառույց օդանավակայանի բացումըՆախագահ Թայիփ Էրդողանի հետ օրերս Ֆիզուլի և Զանգելան կատարած այցից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Türk-ի եթերում այսօր խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին։ Չավուշօղլուն ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի և մյուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու համագործակցության ապահովմանն ուղղված համատեղ քայլերը:
«Պատերազմն ավարտվել է և հիմա Ադրբեջանի առաջարկի համաձայն կողմերի միջև խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի: Սակայն Հայաստանից այս հարցում դրական պատասխան դեռ չի հնչել», - ընդգծել է Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե պատրաստ են նաև եռակողմ՝ Անկարա-Բաքու-Երևան ձևաչափով քննարկել այս հարցը:
Այսօր նաև Թուրքիայի պաշտպանության նախարարն է նշել, որ Հայաստանից որոշ ազդակներ կան, և Թուրքիան կողմնակից է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հուլուսի Աքարը ասել է, որ այս գործընթացի բոլոր կողմերը պետք է բանակցային սեղանի շուրջ նստեն և քննարկեն զինադադարը մնայուն դարձնելու, կայունության և մարդկանց բարեկեցության ապահովման հարցերը: Նրա խոսքով, այս համատեքստում այժմ քննարկվում է Հայաստանի կողմից ականապատման քարտեզների տրամադրման հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման և սահմանագծման համար. Արմեն Գրիգորյան
Երևանն էլ իր հերթին այսօր հայտնել է, թե ռուսական կողմի հետ է քննարկում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք սկսել հարաբերությունները, քննարկել հարաբերությունների, վերականգնում դժվար կլինի ասել, հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Սրա մասին նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում, կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը», - նշել է Գրիգորյանը.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օր կգա, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք հասնել մինչև Ստամբուլ». ԷրդողանԱվելի վաղ Իլհամ Ալիևի հետ Զանգելանում համատեղ ասուլիսի ժամանակ Թայիփ Էրդողանը կրկին շեշտել էր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է՝ Երևանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և լուծի խնդիրները Ադրբեջանի հետ: Այս համատեքստում Էրդողանը կարևորել էր կողմերի միջև պետական սահմանների հստակեցնում ու փոխադարձաբար ճանաչումը:
«Եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար ոչ մի խոչընդոտ չի մնա», - ընդգծել է Էրդողանը:
«Վերջնական հաշտեցումը մնում է հեռավոր ապագայում». Financial Times
Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին օրերս անդրադարձել է հեղինակավոր Financial Times-ը՝ գրելով՝ «Էրդողանը ձեռք է մեկնում իր երդվյալ թշնամի Հայաստանին՝ ձգտելով ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում, որտեղ ազդեցության համար մրցակցում է Ռուսաստանի և Իրանի հետ»։
Պարբերականը, մեջբերելով Ղարաբաղի հարցով հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալի խոսքերը, գրում է, թե Արևմուտքի հանդեպ անվստահությունը կարող է ստիպել Պուտինին ու Էրդողանին համագործակցության գնալ Կովկասում: Ըստ Financial Times-ի, պատերազմից մեկ տարի անց Էրդողանը շոշափում է Երևանից եկող ազդակները:
«Այս հալոցքը հնարավորություն կստեղծի դիվանագիտական և առևտրային հարաբերությունների հաստատման համար, այնուհանդերձ վերջնական հաշտեցումը մնում է հեռավոր ապագայում», - գրում է հեղինակավոր պարբերականը՝ հայ-թուրքական հաշտեցման համար գլխավոր խոչընդոտ համարելով Հայոց ցեղասպանության հարցը:
Մյուս հարցը, որ կողմերին դեռ հաշտեցումից հեռու է պահում՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է։ Երևանը շեշտում է այնտեղ բնակվող էթնիկ հայերի ինքնորոշման իրավունքը, իսկ Անկարայի դաշնակից Բաքուն մերժում է ինքնավարության ցանկացած դրսևորում, եզրափակում է հեղինակավոր բրիտանական պարբերականը։