Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահի արած հայտարարությունից մեկ օր անց պաշտոնական Երևանից դեռ ոչ մի արձագանք չի հնչել։ Անկարայից «դրական ազդակներ» ստանալու մասին հայտարարած Հայաստանի կառավարությունն ու արտգործնախարարությունն «Ազատության» զանգերն անպատասխան են թողնում։
Թուրքիայի նախագահը Զանգելան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ներկայումս Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ կան հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար։ Հարևան պետության ղեկավարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների որոշման ու փոխադարձ ճանաչման հետ։
Իշխանական պատգամավորները ևս այսօր չցանկացան խոսել այս թեմայից։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ Էրդողանի հայտարարության մեջ հստակ արտացոլվում են նախապայմանները, առաջին հերթին այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանն առնչվող. «Որքան էլ Հայաստանի իշխանությունները հերքում են, ակնհայտ երևում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ծավալի ճնշումներ են գործադրում, որպեսզի հասնեն այդպիսի կարգավիճակի։ Այս պարագայում նաև ցավալի է արձանագրել, որ հետպատերազմյան իրավիճակում էլ Ադրբեջանն ու Թուրքիան փորձել են իրենց համար հնարավորություններ ստեղծել Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու և իրենց համար նոր նախապայմաններ առաջ քաշելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղարՀարաբերությունների կարգավորման պատրվակով բացի Զանգեզուրի միջանցքի նախապայմանից, ադրբեջանական կողմը ճնշումներով փորձելու է հասնել իր առաջ քաշած մյուս հարցերի լուծմանը փաստաթղթերի միջոցով՝ ըստ Աբրահամյանի. «Անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, ակնհայտ է, որ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Արցախը որևէ ձևով նրանց վերահսկողության տակ չի գտնվում։ Դա ակնհայտորեն չի բավարարում նրանց, և Ադրբեջանը փորձելու է ամենատարբեր փաստաթղթերի կամ գործընթացների միջոցով հասնել իր առաջ քաշած հարցի վերջնական փաստաթղթավորմանը», - նշեց պատգամավորը։
Անցած շաբաթվանից հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ են ստորագրելու։ Պաշտոնական Երևանն այս լուրերի ֆոնին հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ՝ միևնույն ժամանակ, սակայն, ընդունելով՝ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
Վերլուծաբանը շեշտում է՝ Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ բերում
Քաղաքական վերլուծաբան, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախապայմանները չեն փոխվել, դեռ մի բան էլ նորերն են ավելացել. հիմա պաշտոնական Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Թուրքիայի ցանկությունն է, որ Երևանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ինչը, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի որևէ իշխանություն չի ընդունի։
«Կճանաչեն հավանաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանները, բայց հստակ տարանջատում կմտցնեն՝ ասելով, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի, հետևաբար չեն ճանաչի ուղղակի կերպով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Արցախի լինելը», - նշեց Հակոբյանը։
Եթե անգամ Արցախի հարցը շրջանցեն, ապա թուրքական կողմը նախկին նախապայմաններն է առաջ քաշելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, կարծում է Հակոբյանը. «Հստակ ասելու է, որ դուք պետք է ճանաչեք և վերահաստատեք Կարսի 21 թվականի պայմանագիրը, դրանից հետո էլ դուք չպետք է մաս կազմեք սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Չեմ բացառում, որ ինքը նույնիսկ կարող է մեջտեղ բերել իրենց իսկ բառապաշարով ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը»։
Վերլուծաբանը չի բացառում նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում՝ ռուսական կողմի միջամտությամբ։