Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա, հաղորդում է նախագահականը՝ այցը որակելով «պատմական»։
«2021 թվականի հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ», և «այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում», պնդում է նախագահականը՝ մանրամասնելով. - «Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն»:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նաև ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետությունների ղեկավարները շնորհավորում են Հայաստանի Անկախության տոնը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին