Մայր Աթոռը վստահեցնում է` երբեք պատվաստումների դեմ չի քարոզել, Արգավանդի քահանայի խոսքը մասնավոր դեպք է եղել

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն այսօր չցանկացավ մեկնաբանել, թե ինչն էր դրդել օրեր առաջ եկեղեցում՝ քարոզի ժամանակ կասկածի տակ դրել պատվաստումների արդյունավետությունը։

«Պատվաստվենք, չպատվաստվենք, չինականը, ռուսականը, անգլիականը, էս, էս, թեստ հանձնենք, սուտ բաներ ա, ամեն ինչ մի բանի համար ա` ապաշխարության համար է», - ասել էր հա։

Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դա մասնավոր դեպք է եղել, Մայր Աթոռը երբեք պատվաստումների դեմ քարոզ չի արել։ Ասաց՝ Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հոգևորականներ, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը արդեն պատվաստվել են, ինքն էլ պատրաստվում է պատվաստվել։

«Մայր Աթոռը մտածում է, որ իր հավատացյալներն ազատ են ընտրություն կատարելու, ընդունելու դեղամիջոցը կամ չընդունելու, բայց երկու դեպքում էլ մեր հավատացյալները պետք է իմանան, որ ունեն պատասխանատվություն դիմացինի կյանքի նկատմամբ։ Որովհետև մեր ազատությունը և մեր դիմացինի առողջությունը` այդ երկուսը պետք է զուգորդվի», - ասաց նա։

«Հիվանդությունից ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում, սա մտահոգում է մեր եկեղեցուն,- նկատեց Վազգեն Սրբազանը` շարունակելով, -հարկավոր է, որ յուրաքանչյուրը պատասխանատու մոտեցում ունենա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1184-ով, բուժվածներինը՝ 1221-ով, գրանցվել է մահվան ևս 42 դեպք

«Ուրեմն, նշանակում է, որ եթե այսօր բժշկությունը մեզ առաջարկում է բուժման և այս ամբողջ հիվանդություններից ձերբազատման ճանապարհ, մենք, կարծում եմ, պիտի նայենք բժիշկների ասածներին և փորձենք ճիշտ որոշումներ կայացնել», - նշեց նա։

Ինքը՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվը, չհստակեցրեց՝ ինչ փաստերի վրա էր հիմնվել, երբ դիմելով հավատացյալներին` ասել էր, թե Աստված է կորոնավիրուսն աշխարհ ուղարկել, ուստի բժշկության առաջարկած լուծումները արդյունավետ չեն կարող լինել։ Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակից փոխանցեցին՝ միջադեպի մանրամասներից տեղյակ չեն, բայց հորդորում են եկեղեցականներին պատասխանատու լինել իրենց խոսքի և հավատացյալների առողջության նկատմամբ։

«Մեր հոգևոր սպասավորները պետք է շատ ուշադիր լինեն իրենց արտահայտությունների մեջ, որովհետև հետևորդներ ունեն իրենք իրենց եկեղեցիներում, և էմոցիոնալ տրամադրություններով խոսելով մենք կարող ենք նաև մեծ վնաս հասցնել։ Ինչպես ասացի՝ այդ ազատությունը նաև պատասխանատվություն է մեզանից պահանջում, ուստիև յուրաքանչյուրս պետք է պատասխանատու լինենք միմյանց նկատմամբ, շատ զգուշավոր լինենք մեր խոսքերում», - կարծում է հոգևորականը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի Ֆրանցիսկոս պապը բոլորին կոչ է անում անպայման պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Իրարամերժ այս հայտարարությունների փոխարեն հայաստանյան եկեղեցին կարող էր վարակի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը լինել, ասում է Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը. «Կան երկրներ, որտեղ եկեղեցին շատ կարևոր դերակատարում է ունեցել և այդ թվում` դերակատարման շնորհիվ ունեն լավ ցուցանիշներ։ Օրինակ՝ Եվրոպայում ամենաշատ պատվաստված պետություններից մեկը Իռլանդիան է, որը հայտնի է որպես հավատացյալ, կաթոլիկ շատ ուժեղ եկեղեցի ունեցող մի պետություն, այնտեղ եկեղեցին առանձնահատուկ իր աջակցությունն է հայտնել պատվաստումային գործընթացին»:

Իսկ Հայաստանը պատվաստման ցուցանիշով շարունակում է վերջինը մնալ տարածաշրջանում, մինչդեռ հիվանդացության ու մահվան դեպքերն աճում են օր օրի։ Միայն անցած 7 օրերին, ըստ Առողջապահության նախարարության, քովիդից մահացել է 250 մարդ, վարակակիրների թիվը մեկ շաբաթում ավելացել է ավելի քան 13 հազարով։ Առողջապահական համակարգը գերլարված վիճակում է, մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։