Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին կմեկնի Թուրքիա՝ Ստամբուլում հանդիպում անցկացնելով իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին։
Դեսպանի խոսքով՝ դա կլինի երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումը 2021 թվականի ընթացքում։ «Երրորդ անգամ նախագահները կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Ղարաբաղում», - նշել է թուրք դիվանագետը։
Երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահը մեկօրյա այցով ժամանելու է Ադրբեջան՝ Ֆիզուլիում կառուցված օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայանալու է Թյուրքական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովը։