Covid-19. Նախարարն ահազանգում է` մահճակալային ֆոնդն սպառման եզրին է

Հայաստանում երեկ կատարվել է 16 հազար 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2354 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 1026-ով, գրանցվել է 38 մահվան դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 295 հազար 368 դեպք, որոնցից 260 հազար 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 992 հազար 595 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1258 է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ահազանգում է` մահճակալային ֆոնդն սպառման եզրին է: Նա կոչ է արել համախմբվել` դիմակ կրել, ախտահանել ձեռքերը և հենց այսօր պատվաստվել:

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Արցախում հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: