Մոսկվայի կարծիքով` Արևմուտքը ձգտում է խանգարել 3+3 ձևաչափի իրականացմանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի կարծիքով՝ Արևմուտքը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, ձգտում են սեպ խրել Հարավային Կովկասում Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա, Ռուսաստան, Իրան՝ 3+3 ձևաչափով համագործակցության նախաձեռնության մեջ։ Այս մասին նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ասել է, որ 3+3 ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից։ Ռուսաստանը պաշտպանել է այդ նախաձեռնությունը։ Զախարովայի խոսքով՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է տվյալ ֆորումի ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերին։ Դրա գործարկումը կարող է օժանդակել միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ու հումանիտար ներուժի բացմանը։

Սակայն, Մարիա Զախարովայի կարծիքով, այդ ծրագրին խանգարողներ կան․ - «Տեսնում ենք մի շարք երկրների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների ձգտումները՝ խանգարել որոշ գործընթացներին, փայտ խրել այդ նախաձեռնության անիվի մեջ»։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի՝ այդ փորձերում ամերիկյան կողմն ապատեղեկատվությամբ է զբաղվում՝ 3+3 նախաձեռնությունը վերագրում են Մոսկվային, «դրա շուրջ հերթական տարօրինակ խաղն են խաղում ռուսաֆոբ մթնոլորտում»։ «Այո, մենք պաշտպանում ենք այդ ձևաչափը, բայց նախաձեռնությամբ հանդես են եկել ուրիշ երկրներ։ Մեր կողմից առաջնորդվում ենք 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի շուտափույթ գործարկմամբ՝ ի շահ նրա բոլոր մասնակիցների», - հայտարարել է Զախարովան։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել էր․ - «Մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը նախ պետք է կատարի իր պարտավորությունները և հետո Վրաստանին առաջարկի մասնակցություն որևէ հարթակում․ ԱՄՆ պաշտպանության նախարար

3+3 ձևաչափին անդրադարձել է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Rusarminfo կայքի հարցազույցում նա ասել է, որ Հայաստանի իշխանությունում այն քննարկվում է․ - «Բոլոր այն թեմաները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, բնականաբար մենք քննարկում ենք։ Մենք փորձում ենք հասկանանք, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարել բոլոր գոյություն ունեցող հարցերի հետ կապված, ինչպես 3+3-ը, այնպես էլ տարածաշրջանում գոյություն ունեցող հարցերի վերաբերյալ մենք քննարկումներ ունենում ենք»։

Արմեն Գրիգորյանը նշել է՝ այդ ձևաչափի առանձնահատկությունն այն է, որ դեռևս ամբողջովին հստակեցված չէ, թե ինչ է նշանակում դա, երբ ավելի հստակ լինի, հայկական կողմը կհայտարարի իր դիրքորոշումը, իսկ հիմա գոյություն ունեցող մտքերը քննարկում են գործընկերների հետ․ - «Փորձում ենք մեր դիրքորոշումները ներկայացնել, մեր գործընկերները, օրինակ, մեր դիրքորոշումների մասով ըմբռնումով են մոտենում»։

Հարավկովկասյան տարածաշրջանային համագործակացության 3+3 ձևաչափի գաղափարը թուրքական կողմից առաջ քաշվեց Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։ Երեք երկրների դիրքորոշումներն այնքան էլ հստակ չեն։ Իրանի մասով, չնայած ասվում է, որ Թեհրանը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը, սակայն Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածություն կա։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է, թե իրանցի գործընկերոջ հետ քննարկվել է այդ նախաձեռնությունը, և իրական կողմը դրական վերաբերմունք ունի այդ գաղափարի վերաբերյալ։ Վրաստանում չեն պատկերացնում, թե Ռուսաստանի հետ ինչպես կարող են լինել համագործակցության նույն ձևաչափում։ Հայաստանը պաշտոնական դիրքորոշում դեռ չի հայտնել։