«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստերում դիտարկվել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը», - հայտարարել են երեք երկրների կառավարությունները երեկ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո։
Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել։
Թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից բացի ուրիշ ինչ հարցեր են քննարկել երեք երկրների փոխվարչապետերը, հայտնի չէ։
Նախքան Մոսկվա մեկնելը Հայաստանի փոխվարչապետն ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։ Ըստ Մհեր Գրիգորյանի, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը։ Նա սակայն չի հստակեցրել, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային օրակարգում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներըԽորհրդային տարիներին Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երևան-Նախիջևան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, և Երևան-Իջևան-Ղազախ, այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։ Ադրբեջանը և Թուրքիան, սակայն, խոսում են Երևան-Նախիջևան-Մեղրի երկաթգծի մասին, ավելի ճիշտ «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև հայաստանյան իշխանություններն, այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պնդում են, թե միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում. - «Ասել եմ և կրկնում եմ՝ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ Թուրքիան նախկինի պես վճռական է Զանգեզուրյան միջանցքը բացելու հարցումԱյսօր թեմային է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ վերահաստատելով Անկարայի նախկին հայտարարությունները, թե իրենք վճռական ենք տրամադրված Զանգեզուրի միջանցքի բացման հարցում, ինչպես նախկինում։ Մոսկովյան հանդիպումից առաջ էլ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Զանգելանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր առանց կոնկրետ մանրամասների՝ հայտարարել, թե վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված Բաքուն ստանում է այն, ինչ ուզում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սյունիքի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի կարգավիճակն ունենալ. Արամ Սարգսյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջանցքի մասին իշխանությունների հավաստիացումները համոզիչ չեն․ ընդդիմադիր պատգամավորՄոսկովյան հանդիպումից առաջ Բաքուն ազատ արձակեց հինգ հայ ռազմագերիների, նաև հայտարարում էր, թե Երևանից դրական ազդակներ են ստացել և Հայաստանից գործուն քայլեր են ակնկալում։ Թե ինչ դրական ազդակներ է հղել Երևանը Բաքվին և ինչ քայլեր են հետևելու դրան, հայաստանյան իշխանությունները չեն հստակեցնում։ Նաև հրաժարվում են արձագանքել Բաքվի հայտարարություններին։
«Ազատությանն» այսօր չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ո'չ կառավարությունից, ո'չ արտգործնախարարությունից, ո'չ էլ իշխանական պատգամավորներից։
«Ես կարծում եմ, Հայաստանի այս իշխանությունների, այսպես ասենք՝ թավշյա ուղերձները ուղղված Ադրբեջանին և Թուրքիային, ակնհայտորեն թուրքերի և ադրբեջանցիների դուրը գալիս են։ Եվ հետևաբար նրանք փորձում են իրենց կողմից շատ կոշտ հռետորաբանություն չօգտագործել, թեև նրանց քայլերը խոսում են այն մասին, որ նրանք իրենց կոշտ դիրքորոշումներից հետքայլ չեն կատարում։ Թե ինչ կարող է լինել խոսքերի տակ, չափազանց դժվար է ասել։ Ինչ պայմանավորվածությունները կան, չափազանց դժվար է ասել։ Բայց այն, որ կա որոշակի գործընթաց, և այն, որ որոշակի պայմանավորվածությունների են հանգում, դա ակնհայտ է», - ասում է քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։
Նրա խոսքով, դրական ազդակ կարող են լինել նաև հայաստանյան իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները։ Բայց, ըստ վերլուծաբանի, քանի որ հայկական կողմը այս հարցերին լռությամբ է պատասխանում և կա հստակ տեղեկատվության պակաս, դժվար է ասել՝ խոսքը միայն տրամադրվածությա՞ն մասին է, թե՞ արդեն կան նաև կոնկրետ պայմանավորվածություններ։