Սաակաշվիլին առնվազն վեց տարի կմնա բանտում, հայտարարում է Ղարիբաշվիլին

Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ակցիա կառավարության շենքի դիմաց, 18-ը հոկտեմբերի, 2021թ․

«Միխեիլ Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն վեց տարի», - նախօրեին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի երրորդ նախագահը պետք է ամբողջությամբ կրի դատարանի կողմից սահմանված պատիժը՝ չնայած հացադուլներին և միջազգային ճնշմանը։

«Նա է կազմակերպել այս ողջ դիմակահանդեսը՝ պնդելով, թե իբր բանտում հացադուլ է հայտարարել։ Սաակաշվիլին պրոֆեսիոնալ աֆերիստ է, սիմուլյանտ։ Նա ցանկանում է, որ բոլորը խոսեն իր դիետայի մասին», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սաակաշվիլին «շատ նիհարել է և դժվարությամբ է տեղաշարժվում», հայտարարել է ընդդիմադիր պատգամավորըԹբիլիսիում անցկացվեց զանգվածային ցույց ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Այս հարցազրույցում վրացական կառավարությանը ղեկավարը նաև խոստանում էր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հետո իշխող «Վրացական երազանք»-ը կդադարի հրապարակայնորեն անդրադառնալ գլխավոր քաղաքական հակառակորդի գործունեությանը։

«Ընտրությունների երկրորդ փուլից հետո Սաակաշվիլիի մասին խոսակցություններ ո՛չ իմ, ո՛չ իմ թիմակիցների կողմից այլևս չեն լինի։ Սաակաշվիլին մեկ անգամ արդեն քանդել է Վրաստանը, երկրորդ անգամ մենք դա թույլ չենք տա», - պնդում էր Վրաստանի վարչապետը։

Վրաստանի երրորդ նախագահը ութնամյա դադարից հետո հայրենիք էր վերադարձել մոտ երեք շաբաթ առաջ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին։ Տեղացի վերլուծաբանների համոզմամբ՝ Սաակաշվիլիի գաղտնի վերադարձն ու աղմկալի ձերբակալությունը նպաստեցին նրա կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» ընտրազանգվածի մոբիլիզացիային։ Դրա արդյունքում Սաակաշվիլիի կողմնակիցներին հաջողվեց Վրաստանի խոշորագույն հինգ քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Փոթիում և Ռուսթավիում հասնել ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը։ Այն նշանակված է հոկտեմբերի 30-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է. ՂարիբաշվիլիԲարի՞ լույս Վրաստան

Առաջիկա քվեարկության ֆոնին, սակայն, պաշտոնական Թբիլիսին հայտնվել է միջազգային ճնշման ներքո։ Շաբաթասկզբին հրապարակվեց մի շարք օտարերկրյա պաշտոնաթող պետական գործիչների և Եվրախորհրդարանի անդամների համատեղ նամակը, որով կոչ էր արվում ազատ արձակել Վրաստանի երրորդ նախագահին։ Նամակի հեղինակները պնդում էին, որ բանտում հացադուլ հայտարարած Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ։ Բացի այդ, ուղերձի հեղինակները համոզված էին, որ նախկին նախագահի ազատ արձակումը «կնպաստի Վրաստանում ազգային միասնության մթնոլորտի ձևավորմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի խումբ եվրոպացի անվանի գործիչներ կոչ են անում ազատել Միխեիլ Սաակաշվիլիին

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մինչդեռ, անդրդվելի է։

«Մեզ միևնույն է, թե Եվրախորհրդարանի անդամները ինչ կասեն մեզ դեմքի իմաստուն արտահայտությամբ։ Մեզ համար կարևորը ժողովրդի կարծիքն է», - հայտարարում է Վրաստանի վարչապետը։