Պենտագոնի ղեկավարն այս շաբաթ կայցելի Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում շաբաթվա վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին ընդառաջ՝ առաջիկա օրերին այցելելու է Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա, հայտնում է Պենտագոնի կայքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է ԱՄՆ պաշտպանության նախարարի ուղևորությունը եվրոպական երկրներ

Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը, ՆԱՏՕ-ի բնորոշմամբ՝ Ռուսաստանի ապակայունացնող գործողություններն են Սև ծովի տարածաշրջանում։

Օսթինը նախատեսում է Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին տեղեկացնել, որ անդամակցության պայմանների կատարման դեպքում ՆԱՏՕ-ի դռները բաց են այդ երկրների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում մեկնարկում են "Agile Spirit-2021" բազմազգ զորավարժությունները

«Պարոն Օսթինը Վրաստանում և Ուկրաինայում կնշի, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և կհորդորի Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին կատարել այն փոփոխությունները, որ անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար», - նախօրեին հայտնել է Պենտագոնի խոսնակը։

«Մենք աջակցում և ամրապնդում ենք ռուսական ագրեսիայի թիրախում գտնվող այս երկրների ինքնիշխանությունը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը պաշտպանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն հավելել էր, որ անդամակցության մասին որոշումը միայն Միացյալ Նահանգներից չէ կախված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն. «Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինային»

Հյուսիսատլանտյան դաշինքը Թբիլիսիի և Կիևի անդամակցության ճանապարհային քարտեզը սկսել է քննարկել դեռևս 2008 թվականի ապրիլին, սակայն հետո Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, թե Վրաստանն ունի տարածքային չլուծված խնդիրներ, իսկ ուկրաինացիների մեծամասնությունը համաձայն չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։

Այս տարվա ամռանը Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի ղեկավարները պաշտպանել էին դաշինքին միանալու Ուկրաինայի և Վրաստանի իրավունքը, սակայն չէին հստակեցրել, թե երբ այդ երկրները իրականում կկարողանան միանալ դաշինքին»
Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ չի կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, հավելելով՝ «վաղը չի լինի»։