Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել, պահանջելով անհապաղ ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: 53-ամյա նախկին նախագահն իրեն քաղբանտարկյալ է համարում և հացադուլ է հայտարարել:
Նա 8 տարվա բացակայությունից հետո է վերադարձել Վրաստան՝ հոկտեմբերի 2-ի տեղական ընտրությունների նախօրեին, ասելով, թե եկել է միանալու ժողովրդին անարդարության, աղքատության և կոռուպցիայի դեմ պայքարում:
«Ես վերադարձել եմ օգնելու մարդկանց, ինձ, հավանաբար, կձերբակալեն Թբիլիսիում, բայց դուք ոչ մի բանից մի վախեցեք, գնացեք և ձեր ձայնը տվեք ընդդիմությանը, և մենք հոկտեմբերի 3-ին միասին հաղթանակ կտոնենք»,- ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմելով աջակիցներին, ասել է Վրաստանի երրորդ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զալկալիանի․ «Վրաց-ուկրաինական հարաբերությունները չեն կարող դառնալ Սաակաշվիլիի պատանդը»Իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ անհապաղ կձերբակալեն Սաակաշվիլիին, եթե նա համարձակվի վերադառնալ Վրաստան: Նրան հոկտեմբերի 1-ին ձերբակալել են Թբիլիսիում՝ Գուրամիշվիլիի պողոտայում գտնվող մասնավոր բնակարաններից մեկում: Նա չի դիմադրել: Իրավապահները նրան փոխադրել են Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ:
Սաակաշվիլին 2013 թվականին հեռացել է Վրաստանից, որտեղ մի շարք մեղադրանքներով հեռակա կարգով դատապարտվել է տարբեր պատժաչափերի: Նա չի ընդունում մեղադրանքները և ասում է, թե իշխանությունը շինծու գործերով ուզում է լռեցնել իրեն: Երեկ դա են պնդել նաև նրա աջակիցները:
«Մեր այս բողոքը ոչ միայն Սաակաշվիլիի, այլև ամբողջ Վրաստանի ազատության համար է, երրորդ նախագահին բանտ նետելու ռեժիմի որոշումն ամբողջությամբ համընկնում է Վլադիմիր Պուտինի ցանկության հետ, քանի որ Միշան է այս երկրին տվել Սովետի փլատակներից դուրս գալու, զարգանալու, արևմտյան ոճի դեմոկրատիա կայացնելու և եվրոատլանտյան ճանապարհով գնալու հեռանկար»,- ասել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թինա Բոկուչավան:
«Նախկին նախագահի դատավարությունները երբեք արդար չեն եղել, և հենց այդ պատճառով նա քաղբանտարկյալ է, ցանկացած մարդ ունի արդար դատավարության իրավունք»,- ասել է ցուցարար Լևան Բուտխուզին:
Իշխանությունների փոխանցմամբ, Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել միայն իրավիճակը սրելու, թշնամանք հրահրելու, պառակտումներ սերմանելու և հաջողելու դեպքում՝ հեղաշրջում կատարելու նպատակով, սակայն այդ հույսերը հօդս են ցնդել, քանի որ ընդդիմությունը տեղական ընտրություններում պարտվել է:
Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սաակաշվիլիի առաջնորդած «Ազգային միացյալ շարժումը» հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ստացել է քվեների 30.7 տոկոսն, իսկ իշխող «Վրացական երազանքը»՝ 46.7:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում իշխող կուսակցությունը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, մի քանի քաղաքներում կլինի երկրորդ փուլ«Ազգային միացյալ շարժման» նախագահ Նիկա Մելիան հոկտեմբերի 30-ին կայանալիք երկրորդ փուլում կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն, ըստ փորձագետների, դժվար թե հաղթի: Ցուցարարների համոզմամբ, իշխանությունը վրեժ է լուծում նախկին նախագահից:
«Ես եկել եմ այստեղ՝ սատարելու երրորդ նախագահին, որովհետև այն, ինչ տեղի է ունենում՝ քաղաքական վենդետա է, որի հեղինակը ռուսաստանցի օլիգարխ {Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» հիմնադիր և հովանավորող} Բիձինա Իվանիշվիլին է: Նա է ձերբակալում բոլոր այն քաղաքական լիդերներին, ովքեր չեն ցանկանում իր ձեռքում խամաճիկներ դառնալ, նա է սպանում ազատությունը Վրաստանում»,- երեկ ասել է ցուցարար Միշա Մշլիվաձեն:
Վրաստանի իրավապահները ծանր մեղադրանքներ են ներկայացրել Սաակաշվիլիին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պետական միջոցների վատնում, ընդդիմադիր լիդերների հետապնդում, բողոքի ցույցերը բիրտ ուժով ցրելու հրամանների արձակում, առնչություն պատվիրված մահափորձերի հետ:
Այդ և այլ հոդվածներով Սաակաշվիլին 2018-ին հեռակա կարգով մեկ գործով դատապարտվել է 3 և մյուս գործով՝ 6 տարվա ազատազրկման և, բացի այդ, 1.5 տարով, ապա 2 տարի 3 ամսով զրկվել է հայրենիքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Սաակաշվիլին բանտից ուղերձով դիմել է հայրենակիցներին: «Մենք պետք է միավորվենք թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Հիմա միմյանց բաժանելու, կուսակցական կամ ինչ-որ այլ հանգամանքներով իրարից տարանջատվելու ժամանակը չէ, եկել է Վրաստանը փրկելու ժամը, իսկ դրա համար միասնություն է պետք, հարկ է գիտակցել, որ հանրությանը և երկրին անհրաժեշտ է համերաշխություն, և յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք դրան»,- ասվում է Սաակաշվիլիի ուղերձում: Այն հրապարակել է «Մտավաի Արխի» ընդդիմադիր հեռուստակայանի սեփականատեր Նիկա Գվարամիան, ով իր վրա է ստանձնել նախկին նախագահի փաստաբանի լիազորությունները:
Վրաց Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր սպասավորներից մետրոպոլիտ Նիկոլոզը բանտում այցելել է Սաակաշվիլիին և հույս է հայտնել, որ նախկին նախագահն ազատություն կստանա: Եկեղեցին հայտարարել է համերաշխության անհրաժեշտության մասին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե մտադիր չէ ներում շնորհել երրորդ նախագահին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե միայն ուրախ կլինի, եթե Սաակաշվիլին և նրա կուսակցությունը խոստովանեն սխալները և Վրաստանի ժողովրդից ներողություն խնդրեն: