ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթացող լսումների երկրորդ օրը Հայաստանի կառավարության ներկայացուցիչը խնդրեց դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցով մինչև վերջնական որոշում կայացնելը միջանկյալ միջոց կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի ռազմավարի պուրակը։
«Ադրբեջանը պետք է բոլոր այս անձանց վերաբերվի իր միջազգային պարտավորությունների համաձայն, այդ թվում՝ հարգի նրանց անձնական ազատության իրավունքը, զերծ մնա նրանց մարմնական վնասվածքներ հասցնելուց, ինչպես նաև թույլատրի անցկացնել անկախ բժշկական հետազոտություն՝ գնահատելու անազատության մեջ պահվող անձանց առողջական և հոգեբանական վիճակը», - ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հայկական կողմի օգտին այսօր միջազգային դատարանում ելույթ ունեցավ միջազգային իրավունքի ամերիկացի մասնագետ Շոն Մըրֆին։ Նա, հակադարձելով Բաքվի ներկայացուցիչների պնդումներին, թե որոշ հայ զինվորականներ գերեվարվել են կողմերի միջև պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո և հանցագործներն են, վկայակոչեց ռազմագերիների, գերիների իրավունքները պաշտպանող Ժնևյան կոնվենցիաները, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի եզրակացությունը։
«Հրադադարն ուղղակի կասեցնում է ռազմական գործողությունները, բայց դա վերջանական չէ և դրանով խաղաղություն չի հաստատվում։ Սկզբունքորեն, նման հրադադարին պետք է հաջորդի վերջանական խաղաղության պայմանագիրը, իսկ մինչ այդ գործում են միջազգային օրենքները։ Ադրբեջանի նախագահը, կարծես թե, հասկանում է սա և խոսում է խաղաղության պայմանագրի մասին։ Եռակողմ հայտարարության միջանկյալ բնույթը ակներև է և դրանով վերջնական խաղաղություն չի հաստատվում։ Դեկտեմբերին 38 հայ զինվորների գերի ընկնելը արդյունք է ադրբեջանական բանակի գրոհի, գրոհ է ձեռնարկվել այդ տարածքներում, այնինչ կողմերը պետք է մնային իրենց տեղերում։ Այս մարդիկ պետք է ռազմագերու կարգավիճակ ունենան», - նշել է Մըրֆին։
Մինդեռ Հայաստանի փաստարկներին հակադարձող Ադրբեջանի ներկայացուցիչ Փիթեր Գոլդսմիթը դեռ երեկ՝ լսումների առաջին օրն էր հայտարարել, որ Հայաստանի հայցը պետք է մերժվի, քանի որ Ադրբեջանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները. - «Սահմանափակ թվով հայեր, որ շարունակում են մնալ Ադրբեջանում, մեղադրվում կամ դատապարտվել են ծանր հանցագործությունների` ներառյալ կտտանքերի համար»։
Հաագայի դատարանը Հայաստանի հայցից բացի, քննում է նաև Ադրբեջանի հայցն ընդդդեմ Հայաստանի։ Կողմերը միմյանց մեղադրում են ռասայական խտրականություն դրսևորելու համար և խնդրում դատարանին միջոցներ ձեռնարկել դրան վերջ դնելու համար։ Բուն դատավարությունները կարող են ամիսներ տևել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարությունների շրջանակներումԱյսօր արդեն Հայաստանի ներկայացուցիչը միջազգային ատյանին խնդրեց նաև որպես միջանկյալ միջոց Բաքվին պարտավորեցնել չվնասել հայկական հուշարձանները, եկեղեցները, ինչպես նաև ապահովել հայերի մուտքը այդ վայրեր։ Հայկական կողմը պնդում է՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում գտնվող հայկական կոթողներն ու հուշարձանները վտանգված են։
Եղիշե Կիրակոսյանը դատարանին խնդրեց միջանկյալ միջոց կիրառելուց հետո Ադրբեջանին պարտավորեցնել զեկուցել իր կատարած գործողությունների մասին առնվազն եռամսյա ժամկետում։
Հաջորդ երկուշաբթի ու երեքշաբթի էլ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը կսկսի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով նախնական լսումները։ Ադրբեջանն իր հերթին որպես միջանկյալ միջոց պահանջում է պարտադրել Հայաստանին հետևել կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին և պաշտպանել ադրբեջանցիներին Հայաստանի պատճառած անուղղելի վնասներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Հաագայի դատարանում հերքում է Երևանի մեղադրանքները` մեջբերելով Ալիևի խոսքերը «էթնիկ բազմազանության» մասին