Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր հանդիպել են Մինսկում` ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նրանք այստեղ մասնակցում են ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը, հայտնում է հայկական կողմը:
Արարատ Միրզոյանն արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Նա ուշադրություն է հրավիրել եռակողմ հայտարարության որոշ դրույթների իրականացված չլինելուն` ընդգծելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Չնայած «գերիներին բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնելու մասին պայմանավորվածությանը` հայկական կողմը պնդում է, թե տասնյակ հայ զինծառայողներ դեռ մնում են ադրբեջանական բանտերում։ Գերիներին Ադրբեջանը համարում է հանցագործներ՝ պնդելով, որ նրանք հրադադարի համաձայնությունից հետո են հայտնվել Ադրբեջանի տարածքում՝ որպես դիվերսանտներ։
Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության` Բայրամովը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում ետկոնֆլիկտային իրավիճակի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև շեշտել հայտարարության կետերի իրացման կարևորությունը:
Արարատ Միրզոյանը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, անդրադարձել է նաև Նյու Յորքում Բայրամովի հետ հանդիպմանը` վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն ողջունում են ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն կողմերի դիրքորոշումները մնում են անփոփոխՆախքան եռակողմ հանդիպումը Լավրոն առանձին-առանձին հանդիպել է երկու գործընկերների հետ: Միրզոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե «Ղարաբաղը միշտ պետք է օգտվի մեր ուշադրությունից»:
Երկկողմ բանակցությունների պատրաստակամության մասին, հիշեցնենք, նաև երկրների ղեկավարների մակարդակով և՛ Երևանը, և՛ Բաքուն էին հայտարարել, ընդ որում՝ Բաքուն պնդում է, որ Երևանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։