ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ Մինսկում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին:
Արարատ Միրզոյանը կարևորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է նաև ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որն արտացոլված է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում։
Միջոցառումն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով։ Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ու հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք վաղը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։
ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հավաքի շրջանակներում Մինսկում են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը։ Արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, սակայն, որևէ տեղեկություն նախօրեին չի տարածվել, թեև և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն բացառել։