Համոզիչ չէ Հայաստանի սուվերեն տարածքում որևէ միջանցք չլինելու մասին իշխանությունների հավաստիացումները, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ընդգծելով իշխանությունների նկատմամբ իր ունեցած անվստահությունը՝ Աբրահամյանը շեշտեց՝ դա հուշում է, որ իրավիճակը կարող է զարգանալ տարբեր սցենարներով՝մատնացույց անելով տարածքային կորուստները։
«Հետպատերազմյան փուլում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք չեն բխել նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ փաստաթղթից, բայց մենք դրա արդյունքում կորցրել ենք տարածքներ Կովսականի, Սանասարի հատվածում, կորցրել ենք տարածքներ Հադրութի շրջանի Հին թաղեր, Խծաբերդ գյուղում և այլն, բնականաբար, այս պայմաններում ես չունեմ երաշխիք, որ այն հավաստիացումները, որոնք հնչում են, կարող են իրականությանը համապատասխանել», - ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց՝ իր համար ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշման լծակներ և հնարավորություններ ստեղծել՝ հետագայում քաղաքական առևտուր սկսելու համար։
Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։ Օրերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, Գորիսից Որոտան հասնելու, ապա վերադառնալու համար հայերի դեպքում էլ նոր կարգ է գործում` մեքենաները սպասում են հայկական անցակետի մոտ, մինչև Ազգային անվտանգության ծառայությունը կուղեկցի ավտոշարասյունը։
Հարցին, թե իր կարծիքով այդ հենակետը Հայաստանի ինքնիշխա՞ն տարածքում է տեղադրվել, Աբրահամյանը պատասխանեց․ - «Այս խնդիրը որևէ պարագայում չէր լինի, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, բանավոր փոխըմբռնման պարագայում նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող քաղաքական որոշում չկայացնեինն՝ այսինքն՝ չհանձնեն այդ տարածքները»։
Պատգամավորի խոսքով՝ գոնե փոխզիջումային տարբերակը կարելի էր ընտրել։
«Եթե այդ պահին նույնիսկ կար գնահատված պատերազմի վերսկսման, կամ Սյունիքի նկատմամբ ուժի կիառման վտանգը, գոնե կարելի էր սահմանի տարբեր հատվածներում՝ մայրուղուն շոշափող հատվածներում ապահովել այնպիսի փոխզիջումայն տարբերակ, որի պայմաններում մայրուղու անվտանգությունը կարողանայինք ապահովեինք», - ասաց Աբրահամյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․