Այսօր Մինսկում մի սեղանի շուրջ նստելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Նրանք մասնակցում են ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքին։
Պաշտոնական Երևանն ու Բաքուն արդեն հայտարարել են, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Մինսկ են մեկնել հավաքին մասնակցելու համար։ Մինսկում է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, սակայն, որևէ տեղեկություն նախօրեին չի տարածվել, թեև և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն բացառել։
Ադրբեջանի արտգործնախարարությունը, մասնավորապես, անցած շաբաթ հայտարարել էր, թե օգտակար է համարում քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը և չի բացառում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն «չի բացառում» Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ապագայում
Հայաստանի արտգործնախարարը երեկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ առաջիկայում հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանելիս իր հերթին ասել էր, թե հայկական կողմը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակում։ Նման հանդիպում վերջին շրջանում արդեն տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում։
Այդուամենայնիվ, թե՛ Բաքուն և թե՛ Երևանը հայտարարել են, որ ԱՊՀ հավաքի շրջանակում արտգործնախարարները մի շարք երկկողմ հանդիպումներ կունենան։ Կլինի՞ նման հանդիպում նաև Միրզոյանի ու Բայրամովի միջև՝ հայտնի չէ։ Կօգտվի՞ ստեղծված հնարավորությունից Մոսկվան և կկազմակերպի՞ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում այս օրերին Մինսկում՝ հայտնի չէ։
Երկկողմ բանակցությունների պատրաստակամության մասին, այդուամենայնիվ, նաև երկրների ղեկավարների մակարդակով և՛ Երևանը, և՛ Բաքուն հայտարարում են, ընդ որում՝ Բաքուն պնդում է, որ Երևանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, վստահեցնում է ԱլիևըԴժվար թե առաջիկայում հնարավոր լինի նման պայմանագիր ստորագրել
Դիտորդներն ասում են՝ հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում այնպիսին է, որ դժվար թե առաջիկայում հնարավոր լինի նման պայմանագիր ստորագրել։ Ռազմական հարցերով ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, օրինակ, հայ-ադրբեջանական հաշտեցումն առաջիկայում քիչ հավանական է համարում։
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև, արխիվ