Նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, այսօր Իրանի գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազը։
Արթուր Դավթյանը շեշտել է՝ դրանք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերժելի է 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը․ Սիրիայի դեսպանՄի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, բազմիցս հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։
Պատերազմի օրերին ձերբակալված Սիրիայի քաղաքացիները, որ մեղադրվում էին նաև վարձկանության հոդվածներով, Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Երևանը նաև տվյալներ ունի մի շարք այլ վարձկանների մասնակցության մասին, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել։
«Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել»
Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները, իր հերթին այսօր ասել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շեշտելով՝ Հայաստանը և Իրանը հաստատել են, որ «ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում է«Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը»,- եզրափակել է Իրանի գլխավոր դատախազը:
Վերջին օրերին պաշտոնական Բաքուն և Թեհրանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարում են, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ: Օրերս էլ Իրանցի գեներալ Ալի Գուդարզին հայտարարեց, թե «իսրայելցիները ներկա են իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով»։ Ադրբեջանը հերքեց մեղադրանքները։
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին եռօրյա աշխատանքային այցով երեկ է ժամանել Հայաստան՝ Արթուր Դավթյանի հրավերով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի հարևաններ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը օրեցօր աճում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները չեն վերածվի զինված բախման, կրքերը կհանդարտվեն. թուրք քաղաքագետ