Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, ընդգծելով՝ Թեհրանում ակնկալում են, որ Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցը կլուծվի։ Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում է«Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Իրանի արտգործնախարարը նշել է՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով», - հաղորդում է Իրանի արտգործնախարարությունը։
Ըստ պաշտոնական Թեհրանի, հեռախոսազրույցի ընթաքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել է՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապանին ադրբեջանցիները 2 իրանցի վարորդի են ձերբակալել. սյունեցիներն էլ իրենց համար անվտանգ ճանապարհի հարցն են բարձրացնում«Նախարար Աբդոլահիանն ընդգծել է՝ Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի», - հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով», - ասել է Աբդոլահիանը։
Ադրբեջանի արտգործնախարարը ևս, ըստ պաշտոնական Թեհրանի, նշել է, թե երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, և պնդել, թե դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։
«Նախարար Բայրամովը կարևորել է առկա տարաձայնությունների կարգավորումը անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով», - հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով՝ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։
Զրույցի ավարտին Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները միմյանց այցելելու հրավերներ են փոխանակել, հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։