Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկուկես ժամ:
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, թե երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հարցում ինչ-ինչ առաջխաղացում չի ապահովվել, և չի բացառել, որ ռուս-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամը նույնիսկ կարող է էլ ավելի սրվել: Կողմերն անցած մի քանի տարում մեկ-մեկու նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել, դիվանագետների են արտաքսել, և այդ խնդրի լուծումը դեռ չի ուրվագծվում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Աֆղանստանի իրավիճակին: Ռուսաստանի փոխարտգործնախարարը պետքարտուղարի տեղակալին ասել է, որ Մոսկվան անընդունելի է համարում որևէ տարբերակով Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում:
Ի դեպ, չնայած այդ կոշտ ձևակերպմանը՝ ռուսական կողմը գործնականում դեմ չէ, որ ամերիկացի զինվորականներ ներկա լինեն տարածաշրջանում, բայց դա իրականացվի ռուսների առաջարկած պայմաններով:
«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, հունիսի 16-ին Ժնևում նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենին ասել է, թե ամերիկացիները կարող են Տաջիկստանբում և Ղրղըզստանում ռուսական ռազմակայաններն օգտագործել համատեղ ջանքերով Աֆղանստանում իրավիճակը հսկելու համար: Կրեմլը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է այդ տեղեկությունը:
Սեպտեմբերի վերջին էլ The Wall Street Journal ամերիկյան պարբերականը հաղորդել է, որ Ֆինլանդիայում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարք Միլլին քննարկել են Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմակայաններն ամերիկացիների կողմից օգտագործելու հնարավորությունը:
Դա տեղի է ունեցել արդեն այն բանից հետո, երբ ամերիկացիները հեռացել են Աֆղանստանից:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հաստատել է, որ ռուսներն առաջարկել են օգտագործել Կենտրոնական Ասիայում իրենց բազաները՝ ահաբեկչության վտանգները վնասազերծելու համար:
Երկու բարձրաստիճան դիվանագետները խոսել են երկկողմ հարաբերությունների և միջազգային իրավիճակի մասին:
«Մենք մանրամասն քննարկել ենք երկկողմ օրակարգը, միջազգային ասպարեզում խոսել ենք ռազմավարական կայունության մասին: Թեպետ տիկին փոխպետքարտուղարուհու իրավասությունների շրջանակում այդ ոլորտը չկա, և առանցքայինը ռուսաստանյան ուղղությունն է, նա որոշ նկատառումներ է ներկայացրել, և մենք արձագանքել ենք»,- նշել է Ռյաբկովը:
Նուլանդը երեկ է ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք: Ռյաբկովի հետ զրույցից զատ, նրա այցի օրակարգում նաև հանդիպումներ են Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ:
Վերջինիս հետ հանդիպման ընթացքում, ըստ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի, ի շարս այլ թեմաների կքննարկվի նաև Ուկրաինայի հակամարտության խնդիրը:
«Չենք բացառում, որ անդրադարձ լինի Ուկրաինային, բայց դա բնավ չի նշանակում, որ նմանօրինակ շփումները մշտական կդառնան: Դժվար թե Կոզակ-Նուլանդ ձևաչափ ստեղծվի, բայց, մյուս կողմից, այն, որ շփումները վերականգնելու երկկողմ համեստ փորձեր են արվում՝ ինքնին դրական է»,- ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Նա հիշեցրել է, որ նախկինում եղել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու մեխանիզմ:
«Ամերիկացիները ֆրանսիացիների, գերմանացիների և մեր կողմի հետ էին խորհրդակցում, տեղեկություններն «առաջին ձեռքից» էին ստանում և կարող էին համեմատել «նորմանդյան գործընթացի» մասնակիցների դիրքորոշումները»,- նշել է Պեսկովը:
Նուլանդը դեռևս չի մեկնաբանում մոսկովյան հանդիպումները և փոխարենն իր տպավորություններն է ներկայացնում Ռուսաստանի մայրաքաղաքի մասին:
«Սպասո-Հաուսում վայելում եմ Մոսկվայի ջինջ աշնանամուտը»,- ըստ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Ջեյսոն Ռեբհոլցի, ասել է Նուլանդը, ընդ որում ռուսերեն նկարագրելով տարվա այդ եղանակը՝ «бабье лето»: Սպասո-Հաուսը Մոսկվայում ԱՄՆ դեսպանի կեցավայրն է:
Նուլանդը հանդիպելու է ոչ միայն պետական պաշտոնյաների, այլև գործարար համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև փոխանակման կարգով ռուս-ամերիկյան կրթական ծրագրերի մասնակիցների հետ:
Մոսկվան ժամանակին, երբ Նուլանդն աշխատել է ոչ պետական ամերիկյան կառույցում, նրան ընդգրկել է պատժամիջոցների ենթարկված ամերիկացիների ցանկում, բայց հիմա նա պետական պաշտոնյա է, ուստի, ռուսական կողմը պարտավորված է համագործակցել նրա հետ: Դրանից ելնելով ռուսները Նուլանդին դուրս են հանել անցանկալի անձանց ցուցակից, ինչը հնարավոր է դարձրել նրա այցը Մոսկվա:
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակն ասել է, թե Նուլանդի այցը կարևոր իրադարձություն է, քանի որ Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերություններում կուտակվել են անհապաղ լուծում պահանջող հսկայական թվով հարցեր:
Վիկտորիա Նուլանդը Մոսկվայից կմեկնի Բեյրութ՝ քննարկելու Լիբանանում բարեփոխումների և հաջորդ տարի կայանալիք ընտրությունների հարցն, այնտեղից էլ կուղևորվի Լոնդոն: