Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Վիկտորիա Նուլանդն ու Սերգեյ Ռյաբկովը


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդ

Այսօր Մոսկվայում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն ու Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի դիվանագիտական գերատեսչությունում տեղի ունեցած բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ։

Քննարկումների արդյունքների մասին լրագրողների հարցերին կողմերը չեն պատասխանել։

Նուլանդը Մոսկվա է ժամանել երկուշաբթի օրը՝ հանդիպելու Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչների հետ։ Երկօրյա այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակովի հետ:

2019 թվականին Ռուսաստանը Նուլանդի անունը ներառել էր սև ցուցակում ՝ արգելելով նրա մուտքը երկրը։ «Ռոյթերզ»-ի տվյալներով` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը Մոսկվա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վաշինգտոնն իր կողմից սահմանված անհատական պատժամիջոցների ցանկից հեռացրել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկին, որի ինքնությունը չի հստակեցվում։ Դրանից հետո Ռուսաստանի իշխանությունները, ելնելով փոխադարձության սկզբունքից, Նուլանդի անունը հեռացրել են պատժամիջոցների ենթարկված ԱՄՆ քաղաքացիների ցանկից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG