Քրեկան գործ է հարուցվել Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք թռիչքների փաստով։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր հաղորդում ներկայացրել այն մասին, թե Սերժ Սարգսյանին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ:
Գլխավոր դատախազությունից հաղորդումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն:
Ծառայությունը փոխանցում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ է ստացել, որ նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց Հայաստանի նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:
Հոկտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Կատարվում է նախաքննություն, ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը պետական միջոցների հաշվին 16 անգամ մեկնել է Բադեն-Բադեն. fip.am