Վիեննայում այսօր կայացել է Ավստրիայի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի երդման արարողությունը։
52-ամյա Շալենբերգը Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2019-ից կանցլերի պաշտոնը զբաղեցնող Սեբաստյան Կուրցի հրաժարականից հետո։
Կառավարության արդեն նախկին ղեկավարը պաշտոնը լքեց անցած շաբաթավերջին երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբԱվստրիական դատախազությունը պնդում է, որ 2016-ից 2018 թվականներին Կուրցի թիմակիցները բյուջետային միջոցներից ֆինանսավորել են իշխող Ժողովրդական կուսակցության գովազդային արշավը։ Այս բացահայտմանը հետևեցին իշխող կուսակցության գրասենյակում, կանցլերի աշխատակազմում և ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած խուզարկությունները, որոնք ըստ տեղական մամուլի, կանխորոշեցին Կուրցի հրաժարականը։
Ավստրիայի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը մասնագիտությամբ իրավաբան է, նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը։