Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` վարչապետները խոսել են նաև տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
Մեկ ամիս առաջ պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանն էր Վրաստանում: Այստեղ կայացած հանդիպումներից մոտ 10 օր անց Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել:
Անցած ամիս Ղարիբաշվիլին այցելել էր Ադրբեջան, հայտարարել նաև Հայաստան այցելելու պլանների մասին։ Նա հույս էր հայտնել, թե հարևան երկրների առաջնորդների հետ ունեցած իր անձնական հարաբերությունները թույլ կտան դրական դերակատարում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Իսկ երեկ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ակտիվ հաղորդակցության, ինչպես նաև 3+3 ձևաչափում ինչ-որ կերպ {Վրաստանի} ներկայացվածություն ունենալու անհրաժեշտության մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարևաններին հաշտեցնելու նախաձեռնությամբ Բաքու է ժամանել Վրաստանի վարչապետը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարիբաշվիլին առաջարկել է հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների պլատֆորմ ստեղծել ԹբիլիսիումԱյսօրվա հաղորդագրության համաձայն` Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները «վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին»:
Փաշինյանը նաև իր ցավակցությունն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ իր վրաց գործընկերը չի չեղարկել իր այցը Հայաստան: