Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կորոնավիրուսի դեմ պայքարի ու պատվաստման գործընթացում կիրառել վարչական բոլոր լծակները։
Երևանի կենտրոնական կանգառներում այսօր, սակայն, օրվա առաջին կեսին մեր նկարահանման պահին տեսչական մարմինների ու ոստիկանության աշխատակիցների չհանդիպեցինք։ Քաղաքացիների մեծ մասն էլ դիմակ չէր կրում։ Նույն պատկերը նաև առևտրի խոշոր կենտրոններում էր։
Ավելի ուշ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից ու ոստիկանություն տեղեկացրին՝ համատեղ ստուգիչ աշխատանքները սկսել են վաղ առավոտից մինչև 13։00-ն և կշարունակեն 16։00-ից հետո։
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Գայանե Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք վերջին երեք ամսում են ուժեղացված այցեր իրականացնում։ Վերջին մեկ շաբաթվա տվյալներով՝ 1280-ից ավելի ստուգայցերի ընթացքում 160 խախտում են արձանագրել. - «Երևան քաղաքում այսօր օրվա առաջին կեսին իրականացվել է 178 ստուգայց, հայտնաբերվել է 35 խախտում, կազմվել է 21 արձանագրություն, տրվել են 8 հանձնարարականներ, համապատասխանաբար գործերը կքննեն»։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ըստ խոսնակի, այսօր Երևանի երկու սուպերմարկետներում դիմակ չկրելու ընդամենը երկու արձանագրություն են կազմել. - «Կանխարգելման միջոցառումները կորոնավիրուսի եղեն են մոտ 400-ը, և կազմվել է մոտ 25 արձանագրություն, տրվել է 20 նախազգուշացում և եղել է երկու տուգանք այս ընթացքում»։
Եղանք նաև մի քանի պոլիկլինիկաներում, որտեղ ասացին, որ պատվաստվողների հերթերը գոյանում են վաղ առավոտից, բայց հետո հերթագրում են, որ խուսափեն հերթերից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մոդեռնա»-ն ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 7-ից կլինի բուժհաստատություններում12 հազար 753 քաղաքացու սպասարկող Երևանի թիվ մեկ պոլիկլինիկայում «Մոդեռնայով» պատվաստումները սկսվել են երեկվանից։ Տնօրեն Ռուզաննա Հայրապետյանն ասաց, որ թեև 100 դեղաչափ են ստացել՝ նախատեսված 50 հոգու համար, բայց արդեն 87 մարդ է հերթագրվել։
Այս պոլիկլինիկայում պատվաստումների համար նախատեսված սենյակի դիմաց շուրջ 10 քաղաքացի էր սպասում, տեսախցիկը տեսնելուն պես ցրվեցին, մնացին երկուսը։ Նրանցից մեկն «Ազատությանն» ասաց. - «Հետազոտություններից հետո որոշել էի «Մոդեռնա», ու քանի եկել է Հայաստան, որոշեցի պահը օգտագործել։ Ճիշտն ասած՝ չէի սպասում, որ էսքան օպերատիվ կերպով արդեն պոլիկլինիկաներում կլինեն»։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանին նույնպես մտահոգում է այն, որ փակ տարածքներում ու հանրային տրանսպորտւմ քաղաքացիները հիմնականում դիմակ չեն կրում։ Նա հույս ունի, որ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո պատկերը կփոխվի։
Հայաստանում այս պահին կիրառվում է 5 տեսակի պատվաստանյութ, որոնցից չինական «Կորոնավակը» մնացել է միայն երկորրդ դեղաչափը ստացողների համար, «Սինոֆարմի» նոր խմբաքանակը, ըստ Սահակյանի, Հայաստան կհասնի մյուս շաբաթ։ Կա նաև «Սպուտնիկ», «ԱստրաԶենեկա» ու «Մոդեռնա»։
Չնայած պատվաստանյութերի այս բազմազանությանը, տարածաշրջանում Հայաստանը պատվաստվողների թվով շարունակում է մնալ վերջին տեղում։ Համաճարակային իրավիճակը մինչ այդ չի կայունանում, միայն այսօր կորոնավիրուսից 33 մարդ է մահացել։ Սա այս տարվա ամենաբարձր թիվն է։ Նոր դեպքերի թիվն էլ ավելացել է 1202-ով։