Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1309-ով, բուժվածներինը՝ 502-ով, գրանցվել է մահվան ևս 26 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1309-ով՝ հասնելով 268 հազար 672-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Մուրադյան. Հղիության ընթացքում քովիդով հիվանդանալն անգամներով ավելի վտանգավոր է, քան պատվաստվելը

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 502-ով և հասել 246 հազար 259-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 9 հազար 598 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 780 հազար 512-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 466-ի, ևս 1225 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 722 մարդ։

Ավելի քան 2 միլիարդ դրամ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման համար

Կառավարությունն այսօր 2 միլիարդ 365 միլիոն դրամ հատկացրեց Առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսային վարակի, մասնավորապես, կանխարգելման և բուժման համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այսօր 20 բուժհաստատություններ ընդգրկված են քովիդով հիվանդ պացիենտների բուժման գործընթացում, 2 հազար 226 մահճակալ զբաղված է։

«Այս պահին առկա ակտիվ դեպերի մեջ, որ 14 հազարից ավելի է, ընդամենը 176 հոգի ունենք, ովքեր որ հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ։ Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքները, և բեռը հոսպիտալացման առողջապահական համակարգի վրա չի գոյանում», - ասաց նախարարը։

Արցախում՝ 4 դեպք

Արցախի առողջապահության նախարարության փոխաանցմամբ՝ երեկ կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, նրանցից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 հազար 599 քաղաքացու հետազոտություն, որից 1185-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։