«Մոդեռնա»-ն ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 7-ից կլինի բուժհաստատություններում

«Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ պատվաստանյութը արդեն Հայաստանում է։ Այն փոխանցվել է հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Վիլնյուսի օդանավակայանում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան: Լիտվայի կառավարությունը դեռ օրեր առաջ հաղորդել էր «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս»-ի նվիրատվության մասին՝ նշելով, որ շարունակելու են պատվաստանյութերը կիսել այն երկրների հետ, որոնց համար, ի տարբերություն ԵՄ անդամ երկրների, առավել դժվար է վակցինա ձեռք բերել:

Ե՞րբ և ինչպե՞ս է բաշխվելու 25 հազար քաղաքացու համար նախատեսված պատվաստանյութը

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) փոխտնօրեն Գայանե Սահակյանի խոսքով, ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 7-ից «Մոդեռնան» կլինի բոլոր պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում և Երևանում տեղադրված շարժական պատվաստումային կետերում. - «Այս պահի դրությամբ աշխատում ենք որպեսզի և՛ կիրառման ուղեցույցը, և՛ բաշխման հրամանները ամբողջովին պատրաստ լինեն։ Աշխատում ենք նաև ձևակերպումները արագ ավարտենք։ Բոլոր բուժհաստատություններին բաշխումը կկատարվի համամասնորեն՝ ըստ սպասարկող բնակչության թվի։ Նույն պայմանները կգործեն, ինչպես հանրապետությունում առկա բոլոր պատվաստանյութերի դեպքում։ Այսինքն՝ անձը կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա անկախ կցագրումից, շարժական պատվաստումային կետերում կարող է պատվաստվել ՀՀ քաղաքացին, և 18-ից բարձր անձանց շրջանում կկատարվի՝ նույն սկզբունքներով, ինչ բոլոր պատվաստանյութերի դեպքում»։

Որպեսզի ամերիկյան պատվաստանյութի համար հերթեր չգոյանան, առողջապահության նախարարության ներկայացուցիչն առաջարկում է նախապես հերթագրվել այն բուժհաստատությունում, որտեղ ցանկանում են պատվաստվել։ «Ազատությունը» այսօր զանգահարեց տասնյակից ավելի պոլիկլինիկաներ, «Մոդեռնայի» համար հերթագրում առայժմ չի գործում, բուժհաստատությունում տեղեկացված էլ չեն, թե երբ կստանան ամերիկյան պատվաստանյութը։

Նախարարությունից առայժմ չեն պատասխանում՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը «Մոդեռնայի» նոր խմբաքանակ ներկրի, թե ոչ, ինչպես նաև չի նշվում, թե երբ հասանելի կլինի ամերիկյան մեկ այլ՝ «Պֆայզեր» պատվաստանյութը։

«Էս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ ոչ, «Պֆայզեր» չի լինելու Հայաստանում։ Լինելու է նաև «Պֆայզեր», բայց երբ, չեմ կարող ասել», - ասաց Գայանե Սահակյանը։

Վերջին օրերին մի շարք բուժհաստատություններում չի հաջողվում գտնել արդեն նաև չինական «Սինոֆարմը»։ Քաղաքացիները այս պարագայում ընտրության մեծ հնարավորություն չեն ունենում, այլընտրանքը կա՛մ ռուսական «Սպուտնիկ Վին» է, կա՛մ բրիտանա-շվեդական «ԱզտրաԶենեկան»։

Գայանե Սահակյանի խոսքով, այժմ արվում է հնարավորը, որպեսզի չինական պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրվի. - «Էնպես է ստացվել, որ թռիչքը, տեղափոխումը մի փոքր ձգձգվել է։ Բայց առաջիկայում կլինի նաև «Սիմոֆարմի» նոր խմբաքանակ և նորից հասանելի կլինի բոլորին»։

Հայաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է ապրիլից։ Մինչև օրս առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է բնակչության 11,5 տոկոսը։