Մատչելիության հղումներ

Հատկապես վերջին օրերին ունենք պատվաստվողների թվի աճ. ՀՎԿԱԿ փոխտնօրեն


Պոլիկլինիկաների ու լաբորատորիաների առջև այսօր հավաքված քաղաքացիները պատվաստվում կամ ՊՇՌ թեստ էին հանձնում, որովհետև իշխանություններից լսել էին՝ հոկտեմբերի 1-ին այդ թղթերից մեկով պետք է աշխատանքի գնան։

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտրոսյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցմանը՝ ճշգրտող հայտարարություն էր տարածել, որ ՊՇՌ թեսթի պատասխանը ներկայացնելու պահանջն իրենք կիրառելու են հոկտեմբերի 14-ից, որովհետև նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից։

Հրաժարվելով հարցազրույցից՝ մամուլի խոսնակն ասաց, որ ինքը խոսել է միայն Արդարադատության նախարարության աշխատակցիների մասին։ Շատերին այդպես էլ պարզ չէր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջը ենթադրում է, որ քաղաքացին կարող է այդ թղթերը գործատուին ներկայացնի ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ 14-ին։ Այս հարցը ոչ մի գերատեսչություն չէր պարզաբանել։

Սեպտեմբերի 24-ին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կառավարության նիստում Առողջապահության նախարարին հարցրել, թե արդյոք աշխատակիցն այդ պահանջվող թղթերից մեկը ձեռքին պետք է մտնի աշխատավայր հենց հոկտեմբերի 1-ին։ «Այո, հոկտեմբերի 1-ից աշխատակիցը ներկայանալիս պետք է ներկայացնի կամ ՊՇՌ թեստի բացասական տեղեկանք, կամ հակացուցման մասին բժշկի կողմից տրված տեղեկանք», - արձագանքել էր Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, թե նախարար Ավանեսյանն ասել է՝ հոկտեմբերի 1-ից, ոչ թե հոկտեմբերի 1-ին։

Թեև օրեր առաջ հենց «Ազատության» հարցին ի պատասխան խոնակն ասել էր, որ պետք է պահանջվող թղթերով աշխատանքի ներկայանալ հոկտեմբերի 1-ին։

«Կառավարության նիստում Առողջապահության նախարարն ասում է՝ այո, հոկտեմբերի 1-ից, այսինքն՝ էդ 14 օրվա ընթացքում քաղաքացին, կամ աշխատակիցը պետք ա հավաստի՝ եթե ինքը չի պատվաստվել, ապա ունի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը վկայող էդ թուղթը», - այսօր ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

Թեսթային ու պատվաստումային կարգավորումների խառնաշփոթին աշխատանքային օրվա վերջում անդրադարձավ կառավարության տեղեկատվական հարթակը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Այստեղ Առողջապահության և Արդարադատության նախարարությունների համատեղ հայտարարությունը տարածվեց, ըստ որի այդ փաստաթղթերը գործատուները պետք է աշխատողներից պահանջեն հոկտեմբերի հոկտեմբերի 1-ից սկսած 14 օրը մեկ, իսկ խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները տեսչական մարմինները կկիրառեն հոկտեմբերի 14-ից: Պոլիկլինիկաների մոտ հավաքվածներից ոմանք պնդում էին, որ ինքնակամ են որոշել պատվաստվել, ոմանք էլ ասացին, եթե գործատուն չպահանջեր՝ չէին պատվաստվի։

Գայանե Սահակյան
Գայանե Սահակյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) փոխտնօրեն Գայանե Սահակյանի խոսքով՝ վերջերս պատվաստվողների թիվն աճել է, օրական արդեն 15 հազար մարդ է պատվաստվում, նախկինում այդ թիվը, ըստ նրա 1000-ից 5000-ի միջակայքում էր տատանվում։ Բայց, ըստ պաշտոնյայի, Հայաստանը դեռ տարածաշրջանում պատվաստվողների թվով վերջին տեղում է. - «Ինչ խոսք, հատկապես վերջին օրերին մենք ունենք աճ, և դա հիմնականում տնտեսվարող կազմակերպություններում աշխատակիցների սանիտարահամաճարակային անվտանգությանն ուղղված կարգավորումների հետ է կապված ավելի շատ։ Եվ արդեն հասել ենք օրական տասնհինգ հազարի»։

Վերջին պաշտոնականան տվյալներով, 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում առաջին դեղաչափը ստացել է 14, 2-րդը՝ 9 տոկոսը։

XS
SM
MD
LG