Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձն աստիճանաբար կվերանա Երևանում, իսկ մարզերում՝ կպահպանվի․ խորհրդարանն այսօր կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն էր քննարկում, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց՝ կառավարության նպատակն է վերանայել համակարգի տրամաբանությունը, դրան հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով բնակարան է ձեռք բերել շուրջ 6 հազար ընտանիք. ԿԳՄՍՆ«Համակարգի շրջանակներում վերադարձվող եկամտահարկի գումարն են պրոգրեսիվ աճել այն տրամաբանությամբ, որ եթե առաջին տարիներին վերադարձվում էր 1 մլդ դրամի եկամտային հարկ, ապա հաջորդ տարիներին այդ աճը պրոգրեսիվ բնույթ է ունեցել, և 2020 թվականին, օրինակ կազմել է ավելի քան 5 միլիարդ դրամ», - ասաց Պողոսյանը։
Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը ներդրվեց 2014 թվականին՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրենց վճարած եկամտային հարկը ուղղել առաջնային շուկայից ձեռք բերված հիպոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։
2018-ին որոշ սահմանափակումներ մտցվեցին՝ ձեռք բերվող գույքի արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը, յուրաքանչյուրը այս ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ, և վերադարձվող տոկոսագումարը չի կարող գերազանցել ամսական 500 հազար դրամը։
Կառավարությունը լրացուցիչ սահմանափումներ է առաջարկում
Հիմա կառավարությունը լրացուցիչ սահմանափումներ է առաջարկում. 2022 թվականից Երևանի Կենտրոն ու Արաբկիր համայնքներում կառուցվող նոր շենքերի համար դադարեցնել այս ծրագիրը, այնուհետև, աստիճանաբար ընդլայնելով գոտիները, մինչև 2025 թվականը ամբողջությամբ դադարեցնել եկամտային հարկի վերադարձը մայրաքաղաքում հիպոթեքով նորակառույցներում բնակարան գնած քաղաքացիների համար։
Ըստ փոխնախարարի՝ լրացուցիչ մեթոդներ են փորձում ձեռնարկել, որ մարզերում շինարարությամբ զբաղվելը լինի գրավիչ։
«Եկամտահարկի վերադարձի չեղարկումը կարող է բացասաբար ազդել շինարարության վրա»
Այդուհանդերձ, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» մտահգություն էր հայտնել, որ եկամտահարկի վերադարձի չեղարկումը կարող է բացասաբար ազդել շինարարության վրա։
«Կսկսի վաճառքի տեմպերի էական նվազում՝ մոտ 70 տոկոս մենք անկում ենք սպասում վաճառքի տեմպերի, թույլ կամ նոր կառուցապատողները հայտնվեն սնանկության դաշտում», - ասաց ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։
Այսօր նույն մտահոգությունը հայտնեցին ընդդիմադիր պատգամավորները. «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանն ու Թադևոս Ավետիսյանը փորձեցին հասկանալ՝ կա՞ հստակ պատկերացում՝ ինչպես կարձագանքեն շահառուները մարզ տեղափոխվելու առաջարկին։
Գեղամ Նազարյան․ - Էս որոշումը կխթանի՞, ասենք, որ գնան շենքերը Ապարանում, Իջևանում, կամ Մեղրիում կառուցեն։
Արման Պողոսյան․ - Մենք հենց քննարկում ենք այն խոչընդոտները, որոնք այսօր կան և չեն խրախուսում առնվազն մարզերում բնակարանաշինության ծրագրերի իրականացմանը։
Թադևոս Ավետիսյան․ - Օրինակ՝ աշխատաշուկան վերլուծե՞լ եք, որովհետև էս ծրագիրն ուղիղ առնչություն ունի աշխատավարձերի հետ, գործազրկության հետ, որովհետև մարզերում մարդը ոչ միայն չի ուզում ապրի, որովհետև Երևանում է ուզում ապրի, այլ՝ չունի աշխատանք այն չափով, ինչ չափով Երևանում կա։
Արման Պողոսյան․ - Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ մարդիկ մարզերում բնակվելով հանդերձ ունեն կայուն աշխատանք՝ ոչ պակաս վարձատրվող, ու շատերը հեռավար աշխատանքի շնորհիվ և որոնք բավականին լուրջ եկամտհարակի գումարներ են վճարում ու կապված են իրենց հայրենի շրջանի, մարզի, քաղաքի հետ։
Ընդդիմադիրներն առաջարկում են Կենտրոնը բեռնաթափել՝ նոր շինթույլտվություններ չտալով
Ընդդիմությունը առաջարկեց օրենքը փոփոխելու փոխարեն ավելի հեշտ տարբերակ կիրառել՝ Կենտրոնը բեռնաթափել՝ նոր շինթույլտվություններ չտալով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագարում» էլ են խնդիրներ տեսում օրինագծում։ Ըստ Հովիկ Աղազարյանի՝ սա հակասոցիալական, հակատնտեսական նախագիծ է։ Աղազարյանն առաջարկում է հեշտ ճանապարհով գնալ՝ 55 միլիոնի շեմն իջեցնել, ինչը, ի դեպ, նաև ընդդիմադիր Վահե Հակոբյանի սրտով էր։
Հովիկ Աղազարյան․ - Անհանգստություն ունեմ, որ մեկ-երկու տարվա ընթացում բյուջեի վրա բեռը կհասնի մինչև 100-150 միլիարդ դրամի։
Վահե Հակոբյան․ - Չունենալով հստակ մարզերի զարգացման ծրագիր և չունենալով այլ ծրագիր սոցիալական բնույթի, որ իրեն կփոխարինի, այսօր, մեղմ ասած, ճիշտ չէ էս ծրագիրը։ Ես պիտի համաձայնվեմ Հովիկ Աղազարյանի հետ, որ շեմը եկեք իջեցնենք՝ 35-40 միլիոն սարքենք, հետադարձ գումարը նույնպես իջեցնենք 1․5 միլիոնից, բայց ոչ Երևանից հանենք։
Իշխանականները փոփոխության հիմնական նպատակը հանրային միջոցների ավելի արդյունավետ բաշխումն են համարում
Օրինագծի համազեկուցող, իշխող խմբակցությունից Բաբկեն Թունյանը բոլոր մտահոգությոնները լսելուց հետո բացատրեց՝ այս փոփոխությունների հիմնական նպատակը հանրային միջոցների ավելի արդյունավետ բաշխումն է։
Օրինագիծն այսօր առաջին ընթերցմամբ էր քննարկվում, քվեարկությունը նախատեսված է վաղը. հեղինակները չբացառեցին՝ առաջարկների դեպքում գուցե փոփոխություններ մտցնեն նախագծում։