Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը․ Միրզոյան

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում, 4-ը հոկտեմբերի, 2021թ․

Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ բաց է կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Թեհրանում իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը։

Նա հայտնել է, որ հանդիպման կարևոր թեմաներից էր նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ «Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Գորիս-Կապան ճանապարհահատվածում արդեն երեք շաբաթ է` ադրբեջանական անցակետ է տեղադրված, և այնտեղով անցնելու համար իրանցի բեռնատարների վարորդները պետք է գումար վճարեն որպես մաքսատուրք, երկու իրանցի վարորդ էլ ձերբակալվել է։

Նախարարները հանգամանորեն քննարկել են տարածաշրջանային զարգացումները: «Բնականաբար, ես մանրամասն անդրադարձ եմ կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։ Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից», - ասել է Արարատ Միրզոյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աբդոլահիան․ «Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա» Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպում է Իրանի ԱԳ նախարարի հետ