Իրանական բանակն այսօր լայնածավալ զորավարություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանին` հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ներգրավմամբ։ Թե որքան են շարունակվելու դրանք և կոնկրետ որ տարածքներում են անցկացվելո, պաշտոնական աղբյուրները մինչև այս պահը չեն հստակեցնում:
Նշվում է միայն, որ վարժանքների նպատակն է ստուգել ու ամրապնդել բանակի մարտունակությունը:
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին, որի պատճառներից մեկն էլ Բաքվի սերտ հարաբերություններն են Թեհրանի ոխերիմ հակառակորդ Իսրայելի հետ:
Նախօրեին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այս մտահոգությունն անձամբ է փոխանցել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին. - «Մենք չենք հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու ակտիվությունը մեր ազգային անվտանգության դեմ, կամ մեր սահմանների հարևանությամբ, և անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»:
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե իրանական կողմի այս քայլերը առնվազն տարակուսելի են: Իրանի արտգործնախարարը երեկ Ադրբեջանի դեսպանի հետ ահնդիպմանը վերստին պնդել է, որ սեփական երկրում զորավարժություններ անցկացնելու տեղը, ժամանակն ու բնույթը միայն Թեհրանն է որոշում:
Ընդգծելով, որ Իրանը հաստատակամ է այս հարցում՝ արտգործնախարարը միաժամանակ նշել է, որ հարևանների հետ հարաբերությունները փչացնել չեն ուզում:
Նույնն այսօր նաև Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդն է պնդել: Պատասխանելով Ադրբեջանի հետ լարված հարարբերությունների վերաբերյալ հարցին՝ Վահիդին ասել է. - «Եթե կան հարցեր և թյուրիմացություններ, դրանք կլուծվեն դիվանագիտական ուղիներով: ԱԳՆ -ը հետևում է դրան»:
Վերլուծաբանները նշում են, որ երկկողմ լարվածության պատճառներից մեկն էլ Բաքվի վերջին քայլերն են Իրանի - Հայաստան ճանապարհին. Մի քանի շաբաթ է, ինչ ադրբեջանցի սահմանապահները մաքսատուրք են գանձում ճանապարհի``Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։ Օրեր առաջ էլ ձերբակալել էին երկու վարորդների` ապօրինի Ղարաբաղ այցելելու համար:
«Ասոշիեյթեդ պրեսը» նշում է, որ լարվածության առիթ են դարձել նաև Բաքվի օր֊օրի խորացող հարաբերությունները Թուքրիայի հետ. սեպտեմբերին Ադրբեջանն առաջին անգամ համատեղ զորավարժություններ անցկացրեց Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների հետ:
Պատահական չէ, որ պաշտոնական Անկարան այսօր հատուկ հայտարարություն է տարածել , որում նշված է, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին. - «Անկարան և Բաքուն բոլոր իրավունքներն ունեն զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, և դա նրանց ինքնիշխան իրավունքն է։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումը նպաստում է կայունությանն ու անվտանգությանը տարածաշրջանում»։