Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքներին վերաբերող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը ոչ հայանպաստ, ոչ էլ հակահայական անվանելը ճիշտ չէ, այն հիմնականում օբյեկտիվ իրականության արձանագրում է։ Սա միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանի կարծիքն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև«Այն արձանագրում է երկու կողմից էլ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։
5 էջից բաղկացած փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատերազմի հետևանքներին՝ սկսած հումանիտար իրավիճակից մինչև հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճ։ Նաև պատերազմական հանցագործությունների մասին է մատնանշվում։
Բանաձևի այս կետում միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետը շեշտադրումների խնդիր է տեսնում. - «Երևում է, որ Ադրբեջանի կողմից գերակշռել են նման հանցագործությունները, սակայն նաև արձանագրվում են հայկական կողմից կատարված նմանատիպ հանցագործությունները։ Մենք գիտենք, որ, այո, հայկական կողմից եղել են նմանատիպ հանցագործություններ, սակայն դրանք չեն կրել կազմակերպված բնույթ, չեն խրախուսվել պետության կողմից։ Այնպես որ, այստեղ բավականին մեծ ճեղքվածք կա երկու կողմերի կատարած հանցագործությունների միջև»։
Սոսի Թաթիկյանը խնդրահարույց է համարում, որ փաստաթղթում չի արձանագրվում, թե ով է սկսել 44-օրյա պատերազմը։ Փորձագետը նկատում է նաև, որ փաստաթղթում շեշտվում է իննսունականներին տեղահանված ադրբեջանցի փասխտականների խնդրի, բայց ոչ հայ փախստականների ու տեղահանվածների մասին. - «Ես այստեղ տեսնում եմ անհավասարություն, քանի որ այդ պարագայում ոչ միայն պետք է ապահովվի Շուշի և Հադրութ հայ տեղահանվածների վերադարձը, այլ նաև 91-94 թվականներին այլ տարածքներից հայ փախստականների վերադարձը»։
«ԵԽԽՎ բանաձևը ձեռնտու է հայկական կողմին»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքներին առնչվող ԵԽԽՎ բանաձևը ձեռնտու է հայկական կողմին, համոզված է կառույցում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Իշխող ուժի ներկայացուցչի պնդմամբ՝ դա է փաստում այն, որ ադրբեջանական ու թուրքական կողմերը բանաձևին դեմ են քվեարկել. - «Ոչ մի բանաձև չի կարող լինել ամբողջությամբ և միայն պրոհայկական ձևակերպումներով, ցանկացած բանաձևի մեջ կարող են լինել կետեր, որոնք մենք կուզեինք չլինեին, կետեր, որոնք կուզեինք լինեին, բայց չկան։ Բայց ընդհանուր առմամբ, միանշանակ է, որ սա հայկական կողմի համար ձեռնտու բանաձև է»։
Ռուբինյանը հայկական կողմի հաջողությունն է համարում, որ փաստաթղթում, չնայած ադրբեջանական կողմի ճնշումներին, ներառվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։
Բանաձևում խոսվում է նաև անկախ կարգավիճակից գերիների ազատ արձակման անհրաժեշտության, վերջին 30 տարիներին Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային կոթողների ոչնչնացման, ու պատերազմի ընթացքում ու հետո Արցախի տարածքի հուշարձանների դիտավորյալ թիրախավորման ու ոչնչացման մասին։
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն համոզված է՝ բանաձևը քաղաքական հետևանքներ է ունենալու. - «Բնականաբար, այս բանաձև ազդեցություն ունենալու է, և ոչ միայն այս բանաձևը։ Պետք է ամբողջության մեջ դիտել տարբեր երկրների խորհրդարանների, տարբեր խորհրդարանական վեհաժողովների նմանատիպ բանաձևերը մեծացնելու են Ադրբեջանի վրա ճնշումը, և, օրինակ, ռազմագերիների հարցի լուծման ճանապարհը Ադրբեջանի վրա հնարավորինս մեծ միջազգային ճնշում բանեցնելն է»։
Վեհաժողովն իր մտահոգություն է հայտնում մայիսից հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում միջադեպերի աճի վերաբերյալ։ Շեշտվում է, որ սահմանային լարվածության հետևանքով հայ զինծառայողներ են վիրավորվել, մահացել, գերեվարվել։ Հատկանշական է, որ բանաձևում կոչ է արվում կողմերին բանակցել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործըթնացի շուրջ, քննարկել ապառազմականացված գոտու ստեղծման հնարավորությունը՝ խաղաղապահների և ռազմական մշադիտարկման ուժերի ներկայությամբ։Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժումից հետո նման առաջարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր արել։
Բանաձևում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պատերազմում ներգրավված սիրիացի վարձկանների մասին է խոսվում, միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանն էլ օգտագործել է տարբեր երկրներում ապրող հայ մարտիկների։Ավելի վաղ բանաձևին հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներ էին անդրադարձել՝ հայտատարելով, թե զեկույցը մի շարք ուղղություններում չի արտացոլում իրականությունը, կեղծ հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև։
«Երկու կողմերի նկատմամբ չարդարացված հավասարության ամենից ակներև դրսևորումը տեղ է գտել զեկույցի՝ վարձկաններին վերաբերող հատվածում։ Զեկույցի նախագիծը մեկ հարթության վրա է դիտում մի կողմից Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը, իսկ մյուս կողմից սփյուռքահայերի՝ պատերազմին կամավոր մասնակցության կամ հումանիտար օգնության նպատակով Հայաստան վերադարձի դեպքերը», - ասված է 14 հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ։