Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին՝ Իդլիբում վերջին շրջանում իրականացված օդային հարվածների համար։ Այս մասին թուրքական ռազմական գերատեսչությանը ղեկավարը հայտարարել է Անկարայում կայացած խորհրդակցության ժամանակ։
«Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ կնքված հուշագրի դրույթներին և ամենայն ճշգրտությամբ կյանքի ենք կոչում դրանք։ Չնայած այդ իրողությանը՝ վերջին շրջանում [Ռուսաստանի կողմից] Իդլիբում իրականացվող օդային հարվածների թիվը զգալիորեն աճել է։ Մենք հայտարարել ենք, որ դա չի համապատասխանում երկկողմ հուշագրի դրույթներին։ Այս խնդրի շուրջ բանակցություններն այժմ էլ շարունակվում են», - ասել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչել է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների` սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման շեմին։
Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել է, որ նախագահներ Պուտինի ու Էրդողանի առաջիկա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Իդլիբում ստեղծված կացությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումը կարող է անսպասելի ավարտվել, գրում է Milliyet-ը