Լուսանկարներից ժպտացող Անանիա Արամյանի հետ կապը կորավ հոկտեմբերի 11-ից հետո, երբ նրան և մյուս ծառայակիցներին՝ ավելի քան 70 հոգու, Մարտունուց հարավ տեղափոխեցին՝ Հադրութ։
«Հիմա իրանք ասում են՝ ես իրանց ասել եմ մինչև այստեղ հասեք, կանգնեք, իրանք անցել են էն կողմ: Մինչև էդ ինքը ասում էր` ձեր էրեխեքի արյունը Առուստամյան Կարենի ուսերին ա, Գոռ Իշխանյանն էր ասում, ասում էր՝ Ջալալը հրաման ա տվել, մենք հրաման ենք տվել, որ ինքը պետք ա դիմավորեր, Առուստամյան Կարենն էլ Հադրութի հրամանատարն էր, իրան մենք հանդիպեցինք, ինքն էլ ասաց, թող գան հանդիպենք, իրաn կանչեցինք, էկան նստան երես-երեսի, ասինք՝ դե ասա ինքն ա, ինքը ձայն չհանեց, Կարենն էլ ասում ա, թող իմ դեմն ասեն, ես տենց հրաման չեմ ստացել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր», - ասաց Սամվել Արամյանը:
Արամյանի մատնանշած Գոռ Իշխանյանը գնդի հրամանատարն է, Կարեն Առուստամյանը՝ Հադրութի դիվիզիոնի հրամանատարը։ Անանիա Արամյանի և մյուս զինվորականների գործով Կարեն Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։
Անանիայի զոհվելուց ամիսներ անց էլ ընտանիքը դեռ մասունքներն է հուղարկավորում ու վիշտը խառնած զայրույթին՝ հարցնում՝ ինչո՞ւ Մարտունիում տեղակայված գումարտակը հայտնվեց շուրջ 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջանում, այն ժամանակ, երբ լուրեր կային, որ ադրբեջանական զինուժն արդեն Հադրութում էր։ Հոր համար ամենակարևորը այս հարցի պատասխանն է, մեղավորներին գտնելու համար ում դուռն ասես չի թակել՝ ապարդյուն։ Հիմնականում ժամկետային զինծառայողներից կազմված ավելի քան 70 հոգանոց խմբից ոչ ոք չի փրկվել։
«Մարտունի 3-րդ էր ծառայում, էս խառը ժամանակ՝ հոկտեմբերի 11-ին, իրանց դիրքերից իջացրել են: Գոռին ասում եմ՝ ուղարկել ես ընդեղ ինչի՞ են անցել էն կողմ, ասում ա՝ չգիտեմ, ասում եմ՝ բա ո՞վ իմանա», - ընդգծեց Սամվել Արամյանը:
Հայկական կողմը 44 օրում ավելի քան չորս հազար զոհ ունեցավ։ Հարուցված շուրջ 2 հազար պատերազմական գործերի քննությունը հիմա Գլխավոր դատախազությունն է հսկում։ Պաշտոնական աղբյուրները կցկտուր տեղեկություններ են հրապարակում՝ դեռևս խուսափելով բացել փակագծերը։ Հայտնի է միայն, որ քննության առանցքում են տարբեր դրվագներ՝ դավաճանություն, դասալքություն, անփութություն, անգործություն, հրամանները չկատարել, սպառազինության և ռազմական պարագաների խնդիրներ։
«Բազմածավալ, բազմաբևեռ քննություններ են իրականացվում, դրանց շրջանակում, բնականաբար, տրվում են նաև ցուցումներ կոնկրետ ուղղություններով դատավարական գործողություններ կատարելու կամ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու, նշանակվում են համապատասխան փորձաքննություններ, որոնց մի մասով ստացվում են արդյունքները, մի մասն ընթացքի մեջ են: Այս տեսակետից գործընթացը շատ ինտենսիվ առաջ է ընթանում», - ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մեղադրյալների շարքում ամենաբարձրաստիճան զինվորականը գեներալ, զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանն է։ Նա մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Գեներալին մեղսագրվող արարքը առնչվում է հենց պատերազմին։ Նա մեղքը չի ընդունում։ Չնայած մեղադրանքին, իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մակարյանը եզակի զինվորականներից էր, որ պատերազմից հետո չմիացավ վարչապետի հրաժարականը պահանջող 4 տասնյակ զինվորականների հայտարարությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաղորդում է ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորականՕրերս էլ ԱԱԾ-ն հաղորդեց անորակ հրթիռների քրեական գործի մասին։ Ըստ իրավապահների, ձերբակալված Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը տեղյակ է եղել, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնց ժամկետներն անցած են եղել, սակայն, սա չի խանգարել զինվորականին գնել անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 4,7 միլիոն դոլար։
Այս հրթիռները սեպտեմբերի 27-ի պատերազմում հնարավոր չի եղել կիրառել, հաղորդում է ԱԱԾ-ն և հավելում՝ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի օգտագործվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։
ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե որ բարձրաստիճան զինվորականի մասին է խոսքը։ 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, նրանից հետո այդ պաշտոնում նշանակվել է Գագիկ Ասլանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիզուլիի շրջանում զոհվածների կամ անհետ կորածների հարազատները պահանջում են ընդլայնել պատասխանատվության շրջանակըԶոհերի հարազատները հաճախ հնչեցնում են մեկ այլ բարձրաստիճան զինվորականի՝ պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանի անունը՝ մեղադրանքի սլաքները նաև նրան ուղղելով։ Գեներալ-լեյտենանտը որևէ գործով չի անցնում։ Պատերազմում ծանր վիրավորվելուց հետո Հարությունյանն ազատվել էր պաշտոնից, հետո նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնվել։
«Մենք ունենք մեղավորների բուգ և բուրգի գագաթնակետում գտնվում է Ջալալ Հարությունյանը, իր սխալ տեղեկատվությամբ, մենք շատ լավ գիտակցում ենք, որ այդ ժամանակահատվածում Հադրութի ուղղությունում լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը և հակառակորդի դիվերսիոն խմբեր, չգիտեմ այլ խմբեր ներթափանցած, դառել էր проходной двор», - ասաց «Արցախի զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ, պատերազմում զոհված շարքային Արթուր Ասրյանի հայրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2 հազարից ավելի պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններԳլխավոր դատախազության փոխանցմամբ՝ արդեն դատարան է ուղարկվել 48 քրեական գործ։ 55 մեղադրյալի կեսը՝ 28-ը մեղադրվում է զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռքբերելու, շրջանառելու, իրացնելու համար։ 8 անձ մեղադրվում է Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, անհետ կորածների հարազատներից վստահությունը չարաշահելով՝ հափշտակություններ կատարելու կամ դրա փորձի համար։ Եվս 8 մեղադրյալ էլ մեղադրվում է ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար։ Արդեն 10 անձի վերաբերյալ կայացվել են վճիռներ։