Ադրբեջանի նախագահը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը վերստին նշել է, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է:
«Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր:
Նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ անունների օգտագործումը, որոնք մանիպուլյատիվ բնույթ են կրում», - հայտարարել է Ալիևը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստաթղթեր են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին՝ ներառյալ համառոտ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք արտացոլում են Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վիճակը:
Ադրբեջանի նախագահը կոչ է արել միջազգային էներգետիկ ընկերություններին ներդրումներ կատարել Ղարաբաղի տարածքում կանաչ էներգիայի զարգացման համար: Ալիևն ասել է, որ վերջերս «ազատագրված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը հայտարարել է կանաչ էներգիայի գոտի»:
Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև. Ալիև
Նա նաև հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև:
Ալիևի խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը սպասարկող ոլորտներից մեկը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանին, կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին«Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Նման համաձայնությունը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան: Այնուամենայնիվ, մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Իր ելույթի բավականին ծավալուն հատվածը Ադրբեջանի նախագահը հատկացրել է Հայաստանին ուղղված մեղադրանքներին։
Ալիևը նոր մանրամասներ է պատմել Արցախում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից
Ադրբեջանի նախագահը մանրամասներ է պատմել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ անձնական ընկերական կապերը «թույլ են տվել Մոսկվային և Բաքվին համաձայնեցնել ու ընդունել եռակողմ հայտարարությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում». Արարատ Միրզոյան«Ես ունեի առաջարկներ։ Վլադիմիր Վլադիմիրովիչը մասնակի արդեն իր հարցազրույցներից մեկում լույս է սփռել այդ իրադարձությունների վրա, այնպես որ չեմ ցանկանում մանրամասնել։ Հայտնի է սակայն, որ այդ առաջարկները հավանության էին արժանացել ռուսական կողմում, սակայն հայկական կողմը հրաժարվում էր, և ես կարծում եմ՝ ողբերգական, ճակատագրական սխալ է թույլ տվել։ Որովհետև եթե նրանք ընդունեին իմ կողմից առաջարկվող պլանը, որը Ռուսաստանն էլ էր հավանում, ապա պարտությունը նրանց համար այսքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ՝ ինչպես մեր կողմից, այնպես էլ՝ հայկական, ողջ կմնային։ Այսինքն՝ այս մարդկանց մահվան մեղավորը հենց հայկական ղեկավարությունն է, որը պատերազմական գործողությունների ընթացքում առնվազն երկու անգամ բաց է թողել պատմական հնարավորությունը», - "Национальная оборона" թերթին տված հարցազրույցում պնդել է Իլհամ Ալիևը։
«Շուշա [Շուշի] քաղաքն ազատագրելուց հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է իրականացնել այն, ինչ պետք է իրականացնի։ Նա հարցրեց՝ «Դուք մնո՞ւմ եք Ձեր դիրքորոշմանը»։ Ես ասացի՝ «այո, ես իմ դիրքորոշումը չեմ փոխում, եթե նրանք մեզ հաստատում են մնացած գրավյալ տարածքներից զորքը ետ քաշելու ժամկետները, մենք դադարեցնում ենք», - պատմել է Ալիևը և հավելել, որ այդ զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Նրա խոսքով՝ հաջորդ ժամերին արդեն հաջողվել է հակամարտող կողմերի հետ համաձայնեցնել հայտարարության տեքստը։
Ալիևի վկայությամբ՝ Պուտինն իրեն խնդրել է, որպեսզի չպնդի Փաշինյանի կողմից համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ։ «Ես ասացի, որ չեմ պնդի, Փաշինյանի նվաստացման հետ կապված ինձ ինչ-որ լրացուցիչ պահեր պետք չեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում։