Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի, ՄԱԿ-ում հայտարարում է Հայաստանի ԱԳ նախարարը

Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման ժամանակ։

«Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Միրզոյանը։

«Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Նախարարը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ։