Գորիս - Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները շարունակում են գումար պահանջել իրանցի վարորդներից։
Նրանցից մեկին հանդիպեցինք Երևանի արվարձանում։ Հեղուկ գազ տեղափոխող մեքենան կայանել, սպասում էր գործատուն ադրբեջանցիների պահանջած 130 դոլարը բերի, որ ճանապարհ ընկներ Իրան։ Սահմանից վարորդները տեղեկացնում են՝ պետք է փող ունենալ։
Անանուն մնալու պայմանով վարորդն ասաց՝ գալիս նաև նկատել է՝ ադրբեջանցիները գործընթացն էլ ավելի բարդացնելու ծրագրեր ունեն՝ հենակետի մոտ ենթակառուցվածքների հիմքեր են դնում, որ մեքենաները ավելի մանրակրկիտ ստուգեն, տարածքում ծանր տեխնիկա է տեսել։
Հացի խմորիչ բերող Ջաֆար Հազրաթին երեքշաբթի է հանդիպել ադրբեջանցիներին, 4-5 ժամ ստիպված է եղել սպասել։ Ասում էր՝ պահանջվող գումարը կախված է ապրանքից, 130-260 դոլար են պահանջում՝ միայն մուտքի համար, 130՝ հետադարձի համար։ Վառելանյութ տեղափոխողներից բարձր գին են գանձում, թե դյուրավառ նյութեր են բերում։ Արդեն հայաստանցի սահմանապահներն են Կապանի մոտակայքում զգուշացնում՝ եթե փող չունեն, խնդիրների կբախվեն։
Ըստ վարորդների՝ Տաթևի այլընտանքային ճանապարհից շատերը ստիպված են հետ դառնալ. անհարմար է մեծ մեքենաների համար։ Ասֆալտի ստացման համար օգտագործվող բիտում տեղափոխող Ջհանգիրը Երևան էր հասել հենց այդ ճանապարհով, որ գումար չվճարի։ GPS-ով էր գտել ադրբեջանական հսկիչ կետը շրջանցող ուղին, անցել մեծ դժվարությամբ, մի մասն, ասաց, ասֆալտապատ չէր, քարքարոտ ու դժվարանցանելի էր, բայց կարևորն անվտանգ էր։
Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Որոտանի հատվածում իրավիճակը արդեն 10-ը օրից ավելի է չի կարգավորվում։ Անցած շաբաթ ձերբակալված երկու իրանցի վարորդների ճակատագրից մինչ օրս ոչինչ հայտնի չէ։ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էր երեկ հանդիպել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, մտահոգություն հայտնել «Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում Իրանի դեսպանը մտահոգություն է հայտնել երկու երկրները կապող ճանապարհին ծագած խնդիրների վերաբերյալԳրիգորյանը հավաստիացրել էր` Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը Իրանի համար, կարևորում հարցի արագ լուծումը, բայց թե ո՞ւմ միջոցով, ե՞րբ ու ինչպե՞ս, չէր մանրամասնել։
Ստեղծված իրավիճակը այսօր նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման թեմաներից մեկն է եղել, ըստ պաշտոնական հայտարարության, ընդգծվել է Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:
Չնայած խնդիրը ծագել է Հայաստանի ու ադրբեջանի միջև, ԱԺ-ի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ Բաքուն ու Թեհրանը պետք է ճշտեն՝ այդ գործողությունները ապօրինի՞, թե՞ օրինական են, իսկ ԱԱԾ-ն հայտնեց, թե Ռուսաստանի սահմանապահների հետ են աշխատանքներ իրականացնում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Նույնը պնդեց նաև ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Էդուրադ Աղաջանյանը:
«Երբ որ կա հայտարարություն, որ կա հնարավորություն հարցի լուծման, որից հետո նման լուծում ի հայտ չի գալիս, նշանակում է՝ փաստացի լուծումը չի գտնվել, ընդամենը դա», - ասաց Աղաջանյանը:
Հայտարարելով, որ իրավիճակը առավել քան ճգնաժամային է, իշխանական պատգամավորը հասարակությունը հորդորում է սառնասիրտ լինել. «Այդ թվում որոշ դեպքերում գտնվել սառնասիրտ և չտրվել սադրանքներին և կարևորագույն գործառույթ է, որը թե՛ մեր ղեկավարությունը և թե՛ պետական յարերը, թե՛ մեր քաղաքացիները մեր խորին համոզմամբ պետք է դրսևորեն»:
Ազգային ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իշխանությունից պահանջել էր խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին, Պաշտպանության նախարարին՝ հասկանալու՝ ինչ է կատարվում Սյունիքում։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանությունը սկզբում համաձայնել է, մի քանի անգամ էլ վերահաստատել պատրաստակամությունը, բայց 10 օր է հանդիպումը չի կայանում։ Ընդ որում՝ իրենք փակ քննարկմանն էլ դեմ չէին։
«Եթե իրենք դիտավորյալ չեն ուզում տեղեկատվություն ներկայացնել, քննարկեն և լուծումներ տալ, նշանակում է՝ նրանց մտադրությունն անհասկանալի է, իրենք էլ դեռ չգիտեն՝ ինչ են ուզում անել: Եթե հատուկ չեն ուզում անել, այլ հատուկ պատրաստվում են ինչ-որ մի ծրագիր իրականացնելու, ապա սա կարող է նոր առանձնապես ծանր հանցագործությունների առիթ դառնալ», - ընդգծեց Մինասյանը:
Մինչ իրավիճակը օրերով չի հանգուցալուծվում, տարիներ շարունակ Հայաստան բեռներ տեղափոխող իրանցի վարորդներն ասում են՝ առաջին անգամ ապագայի պլաններ չունեն՝ գործատուները պետք է որոշեն՝ ադրբեջանական հարկ ու տուրքով Հայաստանի հետ առևտուրը ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ: