Վաղը Ազգային ժողովը կսկսի քննարկել Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի Հայաստանի եղած 441 համայնքները միավորվելու արդյունքում կդառնան 37։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքական որոշումն արդեն կայացված է». Կառավարությունը հավանություն տվեց 441 համայնք միավորելու մասին նախագծինԿառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո խոշորացվող շատ համայնքներում դժգոհություններ սկսվեցին։ Ոմանք միավորվող համայնքների կենտրոնի ընտրությունից են դժգոհ, մյուսները թե՝ ստեղծվող փնջի մեջ տրամաբանություն չկա, միմյանց հետ սահման չունեն։ Համայնքների մեծ մասում նշում են՝ իրենց կարծիքը հաշվի չեն առել։
Երեկ Ազգային ժողովում լսումներ տեղի ունեցան, որին մասնակցում էին նախկինում խոշորացած ու նոր նախագծով միավորվող համայնքների ներկայացուցիչներ, պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մասնագետներ, կառավարության անդամներ։ Նախագծի մշակմանը մասնակցած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը շեշտեց՝ մեծացվող համայնքների սահմանները գծել են հիմնականում խորհրդային տարիների շրջանների հիման վրա։ Բայց ոչ բոլոր դեպքերում։
Խոշորացման նպատակն, ըստ կառավարության ներկայացուցչի, համայնքների ապակենտրոնացումն է՝ վերևներից կախվածության նվազեցումը։
«Ոչ ոք չի ասել, որ խոշորացնում ենք, որպեսզի մեկ տարում կամ հինգ տարում բոլոր ճանապարհները, մանկապարտեզները, ամեն ինչ լինի: Հարցն ուրիշ կերպ է դրվում, հարցը դրվում է, որ խոշորացված համայնքները ավելի շատ հնարավորություն և ռեսուրս ունեն ինքնակազմակերպվելու և ավելի էֆեկտիվ իրենց տեղական ինքնակառավարման խնդիրները լուծելու, առաջ տալու: Մեր կողմից կա ավելի մեծ հնարավորություն այդ ինքնակազմակերպված, լավ կազմակերպված համայնքների հետ աշխատելու, ինչի արդյունքում շանս կա ավելի արագ առաջ գնալու», - ասաց Տերտերյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարգահովիտի ավագանին դիմելու է ԱԺ-ին՝ հետաձգելու համայնքների խոշորացումը, հաշվի առնելու իրենց առաջարկները
Համայնքների ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից խնդրեցին հետաձգել օրենքի ընդունումը
Մինչդեռ միավորումից դժգոհ համայնքների ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից խնդրեցին հետաձգել օրենքի ընդունումը։ Հանրային լսումներ չեն արվել, համայնքների կարծիքը չեք հարցրել, օրենքը հապճեպ եք ընդունում, ասաց Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի ներկայացուցիչ Էմիլիա Մարտիրոսյանը։
«Հիմա Մարգահովիտը ազգային փոքրամասնությունների մեջից հանվում է, Շահումյանի, Վանաձորի վարչական շրջանի վրայով տարվում միացվում է Փամբակին՝ Փամբակ կենտրոնով: Որևէ հիմնավորում չկա. ո՛չ վարչական սահման կա, ո՛չ ներհամայնքային ճանապարհներ կան, ո՛չ ներհամայնքային տրանսպորտ կա, ի՞նչ հիմնավորմամբ են Մարգահովիտը միացնում Փամբակին», - ասաց Մարտիրսյանը:
Սևանին միացվող Ծովագյուղի համայնքապետն էլ էր դժգոհ։ Այս տարի 20 հազար բնակիչ ունեցող Սևանը 400 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացրել, դրանից 4 անգամ պակաս բնակչություն ունեցող Ծովագյուղը գրեթե նույնքան՝ 300 միլիոն դրամի, մինչդեռ կառավարությունում որոշել են, այդ երկու համայնքները միավորել։ Արդյոք իմաստ ունե՞ր կայացած Ծովագյուղը միացնել Սևանին, ասաց համայնքի ղեկավար Արմեն Ամիրաղյանը։
«Եթե մենք Սևան քաղաքում ունենային 1 միլիարդ 500 միլիոն դամի չափով ծրագիր, ես ընդունում եմ, որ խոշորացումը ճիշտ է, բայց այս դեպքում ծովագյուղ համայնքը չի զարգանալու, զարգանալու է Սևան համայնքը, զարգանալու են քաղաքները, գյուղերը ոչ մի դեպքում չեն զարգանալու», - նշեց Ամիրաղյանը:
Որոշ ղեկավարներ իրենց համայնքներն ավելի խոշորների հետ միավորելու դրդապատճառները զուտ միայն քաղաքական համարեցին։ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դժգոհ էր՝ 4 տարի առաջ արդեն խոշորացել է իրենց համայնքը, միավորված գրեթե բոլոր գյուղերում կարողացել են խնդիրներ լուծել, մինչդեռ այսօր, կառավարության ծրագրով, արդեն խոշորացած համայնքը միանում է Վարդենիս քաղաքին՝ դառնալով միավորվող 36 բնակավայրերից մեկը։ Դրանց մեծ մասը 2020 թվականի պատերազմից հետո սահմանամերձ են դարձել, ու առանձնահատուկ խնդիրներ ունեն, ասաց Ավետյանը։
«Ես այս խոշորացման մեջ տեսնում եմ քաղաքական միտումնավոր նպատակ, որը ոչ մեկը չի կարող ժխտել, որովհետև բոլորիս պարզ տեսանելի է, դա առաջացել է այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրություններում ես ունեցա իմ քաղաքական հայացքը, սատարեցի «Հայաստան» դաշինքին», - ընդգծեց Գեղամասար համայնքի ղեկավարը:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ևս նմանատիպ պնդում արեց. «Ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու է Հերհեր գյուղը և Կարմրաշեն գյուղը դուրս բերվում Ջերմուկի կազմից, կրկնակի խոշորացում է արվում Վայք և Զառիթափ համայնքների միջև, որովհետև նախորդ խորհրդարանական ընտրությունների Վայքի համայնքապետ պաշտպանել է «Հայրենիք» դաշինքին, Զառիթափ համայնքի ղեկավարը պաշտպանել է «Հայաստան» դաշինքին»
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձեց՝ նախկինում քաղաքական դրդապատճառներով արված միավորումներն են փորձում շտկել։
«Կարծում եմ՝ մեր հարգարժան ընկերը գիտի, որ նախկինում էլ Հրեհեր և Կարմարշեն գյուղերը Վայքի շրջանի հետ միասին են միշտ եղե ու Ջերմուկի հետ երբևէ չեն եղել ուղղակի նախորդ իշխանության ժամանակ որոշակի տարածքային բդեշխներ կային, որոնք ձևավորում էին որոշակի միավորումներ և այդ ասպեկտով պետք է նայել այս սխալը և պետք է շտկել այդ և նման բոլոր սխալները», - ընդգծեց Բագրատյանը: