Այսօր լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ավագանին որոշեց դիմել Ազգային ժողովին՝ հետաձգելու համայնքների խոշորացման գործընթացը, քանի դեռ հաշվի չեն առնվել իրենց դիտողություններն ու առաջարկները։
6 անդամից բաղկացած ավագանին համայնքի անունից անհամաձայնություն հայտնեց երկու օր առաջ կառավարության կողմից հավանության արժանացած նախագծին, որով Մարգահովիտը կմիավորվի մարզի ևս 14 գյուղերի հետ, բայց խոշորացվող համայնքի կենտրոնը ոչ թե իրենց 3600 բնակիչ ունեցող Մարգահովիտը կդառնա, այլ մոտ 10 անգամ քիչ՝ 380 բնակիչ ունեցող Փամբակը, որ իրենց գյուղից 30 կմ հեռու է։
«Եթե համեմատենք մնացած գյուղերի հետ, մեր գյուղը բոլորից առաջ է, մեզ ո՞ւր ենք տանում, միացնում մի ուրիշ տեղ, թող ուրիշը բերեն ստեղ, Մարգահովիտ համայնքը տանել, կպցնել ինչ-որ փոքր, մանր-մունր համայնքների և ասել` ի շա՞հ այդ համայնքների», - ասաց ավագանու անդամը:
Համայնքի ավագանին փաստարկներ է առաջ քաշում՝ միավորվող 15 գյուղերից ամենամեծում` Մարգահովիտում հանրային լսումներ չեն անցկացվել, «համայնքը չի տվել իր համաձայնությունը խոշորացմանը, առավել ևս Փամբակ փնջի հետ՝ Փամբակ կենտրոնով»։
Նրանք համարում են, որ խոշորացման այս տարբերակով հանրային մասնակցությունը կդադարեցվի որոշումների կայացմանը, իսկ բնակավայրերի միմյանցից այդքան հեռու լինելը կխանգարի ավագանու անդամների արդյունավետ գործունեությանը. «Վահագնին, Ձորագյուղը, Փամբակը, Արջուտը, Բազումը, եկեք համեմատենք, նրանք ոչինչ չունեն` ո՛չ երաժշտական դպրոց, ո՛չ…. համայնքի ղեկավարը բյուջեն հաստատելու ժամանակ ինչո՞ւ չի ասում` ժողովուրդ, դուք էս ունեք, էն ունեք, էդ մարդիկ ոչ մի բան չունեն, բերեք, սրանց էլ մի հատ հասցնենք գոնե ձեր մակարդակին, մեր երրորդին, նոր ձեր մասին կմտածենք: Այսինքն` դուրս է գալիս, որ մեր համայնքը առաջիկա մի քանի տարիների ընթացքում ֆինանսական որևիցե ներդրումներ չի ունենալու»:
«Մենք խոսում ենք ամբողջ համայնքի գրեթե 90 կամ ավելի շատ տոկոս բնակչության անունից», - ասաց մյուսը:
Մարգահովիտը մոլոկաններով բնակեցված երկու գյուղերի՝ Լերմոնտովոյի և Ֆիոլետովոյի մեջտեղում է գտնվում։ Կառավարության նախագծով ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը չեն խոշորացվելու։ Մինչդեռ մարգահովտցիները համարում են, որ կարելի էր իրենց գյուղը միավորել երկու հարևան այդ գյուղերի հետ՝ Մարգահովիտ կենտրոնով: Չէ՞ որ այստեղ էլ ապրում են մոլոկաններ առանց որևէ ազգամիջյան խնդիրների, պնդում են խոշորացման առաջարկված տարբերակից դժգոհ ավագանու անդամները. «Հայաստանում այլ համայնք, որը գտնվում է ազգային երկու փոքրամասնությունների միջև, չկա»:
Մարգահովիտի համայնքապետ Սամվել Անանյանը պնդում է, թե խոշորացման գործընթացին ամենևին դեմ չեն, ինքն էլ 11 տարվա պաշտոնին կառչած չէ, պարզապես միավորման հայտարարված տարբերակն իրենց համար անակնկալ է եղել. «Խոշորանա թող, էս թելը միանա իրար, Շահումյանը, թող կենտրոնը լինի Անտառաշեն, Լերմոնտովը, Շահումյանը, մեզ մոտ չլինի, որ դուրս չգա, որ ես իմ աշխատանքի համար եմ անում, ուղղակի հարմար չի էդտեղ մի քիչ, թե հեռավորությունն է, թե սահմանակից չեն»:
Միավորվող գյուղախմբի մյուս ծայրում գտնվող Դեբետ համայնքում էլ դժգոհ են հրապարակված տարբերակից։ Դեռ մեկ ամիս առաջ համայնքապետ Աշոտ Ղազարյանն «Ազատությանն» ասել էր՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությունից հետո Դեբետը զարգացման բացառիկ հնարավորություններ ունի, գյուղի անունն անգամ բրենդային նշանակություն է ձեռք բերել։ Կեսկատակ հայտարարում էին, թե շուտով այն աշխարհի կենտրոնն է դառնալու։ Իսկ Դեդետն այլ համայնքների հետ միավորելու դեպքում այդ բոլոր հնարավորություններից կզրկվեն. «Խոշորացումը կխանգարի Դեբետի զարգացմանը, նման ահռելի ներդրումներ են, ու նման մեծ պոտենցիալ ունի, որը վերհանվել է, ու ներդրողների ահռելի դեռ քանակ կա: Անկեղծ, եթե ոչ շաբաթը 2-3 ներդրող տուրիզի զարգացման, հող ուզելու հետ կապված պարտադիր ունենում ենք»:
Մինչդեռ 15 միավորվող գյուղերի կենտրոն դարձող Փամբակի գործող համայնքապետ Սամսոն Ուլիխանյանը ոգևորված է։ Ասում է՝ իր համար էլ էր անակնկալ մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հեռու գտնվող Փամբակը կենտրոն դարձնելու որոշումը, բայց այստեղ անհնարին բան չի տեսնում։ Ցույց է տալիս մի քանի տարի առաջ հիմնականում տեղական բյուջեի հաշվին կառուցված համայնքային շենքն ու ասում՝ սա լիարժեք հնարավորություն կտա կազմակերպելու խոշորացվող համայնքի աշխատանքը. «Սկզբնական շրջանում մենք մտածում էինք, որ պիտի Մարգահովիտի թևը լիներ, Արջուտի թեևը լիներ ու Վահագնիի, բայց որ կառավարությունը որոշում է կայացրել, որ պիտի մի համայնք դառնա, ինձ թվում է` կառավարության որոշման ոչ մեկս դեմ չենք կարա գնանք: Բազմիցս անգամ համայնքապետերը մասնակցել են {քննարկումներին}, ճիշտ է` այն ժամանակ հստակ չի ասվել, որ կենտրոնը Փամբակը կլինի, բայց քննարկումներին մասնակցել ենք»:
Երկու օր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ համայնքները խոշորացնելու քաղաքական որոշումն արդեն կայացված է, չբացառեց, որ կլինեն դժգոհություններ, բայց և հորդորեց տուրք չտալ դրանց։