Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է, նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին երեկ տեղեկացրել է Արտգործնախարարությունը՝ նշելով, որ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ, առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում։
ԱԳՆ հաղորդագրությունը նշում է նաև, որ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Սա նախարարի պաշտոնում Միրզոյանի առաջին նման հանդիպումը կլինի, մինչ այդ ավելի վաղ նա Երևանում միայն առանձին հանդիպումներ է ունեցել Մինսկի խմբի ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահների հետ։
Հանդիպմանը «դժվար թե վճռորոշ բովանդակություն քննարկվի»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ հանդիպումն աշխատանքային բնույթի է, և դժվար թե վճռորոշ բովանդակություն քննարկվի։
«Չեմ պատկերացնում, որ որոշումներ կամ նախաորոշումային իրավիճակներ են սպասվում: Կարծում եմ՝ աշխատանքային հանդիպում է: Պետք է նաև նկատի ունենալ, որ արտգործնախարար Միրզոյանը արդեն հանդիպել է ռուսաստանցի նոր համանախագահին և ֆրանսիացի համանախագահին Երևանում, նրանք առանձին-առանձին եկել էին, և հիմա, փաստորեն, տեղի է ունենում հանդիպում երեք համանախագահների հետ միասին, և այդ իմաստով առաջին անգամ ամերիկացի համանախագահի հետ շփումը կլինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի, ԵՄ-ի պաշտոնյաները, Մինսկի խմբի համանախագահներն արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանըՆա կարծիք հայտնեց, որ օրակարգը վերաբերելու է հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը վերականգնելուն. - «Եվ այստեղ, իհարկե, Երևանը սահմանում է իր առաջնահերթ օրակարգային հարցերը, Արցախի կարգավիճակի հարցը, և, կարծում եմ, այս տրամաբանության շրջանակում կլինի քննարկումը: Այստեղ հատկանշական է մի բան, որ մի քանի ամիս առաջ Մինսկի խմբի երեք համանախագահները տարածեցին համատեղ հայտարարություն, դա հաջորդել էր Գեղարքունիքում հայտնի մարտական գործողություններին՝ այդ լարվածության օրերին, որտեղ կոչ էին անում կողմերին՝ յուրաքանչյուրը իր առաջնահերթության և իր օրակարգի շրջանակում գալ, նստել սեղանի շուրջ և խոսել, և, կարծում եմ, այս տրամաբանությունը առաջ մղելու փորձ կանեն համանախագահները»:
«Ի վերջո Բաքուն էլ գալու է Մինսկի խմբի ձևաչափի շուրջ աշխատանքի դաշտ»
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին Նյու Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է՝ Բայրամովը, բացի նիստերին մասնակցելուց, երկկողմ հանդիպումներ է ունենալու տարբեր պաշտոնյաների հետ, բայց ոչ մի խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին։ Հակոբ Բադալյանը, սակայն, կարծում է, որ դա չի բացառում նման հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կրկին մեղադրում է Մինսկի խմբի միջնորդներին«Ադրբեջանցիները, իհարկե, հնարավորինս քիչ են շահագրգռված ազդարարել, նախապես ազդարարել այդպիսի հանդիպումները, քանի որ Ադրբեջանը դրսևորում է հետևյալ մոտեցումը, որ հակամարտությունը լուծված է, և ինքը որևէ գործընթացի կարիք չունի: Բայց, կարծում եմ, ի վերջո Բաքուն էլ գալու է Մինսկի խմբի ձևաչափի շուրջ աշխատանքի դաշտ, և խնդիրը այստեղ ժամանակն է ու բովանդակությունը, թե ինչպիսի բովանդակության շրջանակում դա տեղի կունենա», - նշեց քաղաքական մեկնաբանը:
Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ևս, ինչպես նախորդ տարի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ձեւաչափով կմասնակցի։ Նիստը, որի ընթացքում Փաշինյանը տեսաուղերձով հանդես կա, տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։