Եթե  չեն ուզում էդ ծախսերն անողների անունները տան, ուրեմն մի բան այն չի. Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան

Անկախության 30-ամյակին նվիրված համերգի թե՛ ծախսերի, թե՛ հովանավորների անունները չհրապարակելը խոսում է թափանցիկության  իսպառ բացակայության մասին, կարծում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Մինչև օրս թե՛ կառավարությունը, թե՛ կազմակերպիչ ընկերությունը խուսափում են հրապարակել սպասվող միջոցառման կոնկրետ ֆինանսավորման աղբյուրները։ Կառավարությունից «Ազատությանը» փոխանցել էին միայն, որ պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվել, և որ անհրաժեշտ գումարը միջոցառման կազմակերպիչ՝ «Դոմինո փրոդաքշն»-ը մասնավոր հովանավորներից է ստացել։

Թե որքա՞ն է ծախսվելու միջոցառման համար, ընկերության հիմնադիրը կոմերցիոն գաղտնիք է համարում, չի բացահայտում նաև, թե որ կազմակերպությունների կամ անհատների հետ են համագործակցում։ Անուններ չտալով՝ նշել է, որ նրանց թվում կան բիզնեսի ներկայացուցիչներ, անհատներ։

«Պետք է պարզվեր որքան գումար է ծախսվելու, պետք է հրապարակվեր դա։ Պետք է հրապարակվեր, թե այդ ինչ ընկերություններ են, որոնք այդպես կամավոր կերպով այդ զոհողությանն են գնում», - ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ անուններ չհրապարակելը, ծախսված գումարի չափը չասելը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

Նրա կարծիքով, այստեղ այսպես կոչված՝ «դու ինձ, ես քեզ» սկզբունքն է գործում. - «Դուք մեզ լավություն արեք, որ պետբյուջեից գումար չծախսենք, հետո մենք ձեզ կապահովենք լավ գնման պայմանագրերով։ Սա մի շատ լուրջ խնդիր։ Նաև մեկ այլ խնդիր կարող է լինել նորից կոռուպցիոն ռիսկի հետ կապված։ Երբ որ կարող է պարզվի, որ այդ ընկերությունները պետական պաշտոնյաների հետ կապ ունեն։ Այսինքն՝ կարող է հանկարծակի ի հայտ գալ, որ, ասենք, այդ ընկերությունների մեջ կան ընկերություններ, որոնց իրական սեփականատերը ինչ-որ նախարար է կամ փոխնախարար և այլն։ Սա է պատճառը, որ այստեղ շատ կարևոր կլիներ թափանցիկության պահը»։

Հոկտանյանը տարօրինակ է համարում, որ թե՛ կառավարությունը, թե՛ կազմակերպիչ ընկերությունը խուսափում են բացահայտել հովանավորների անուններն ու ծախսված գումարի չափը։ Նկատում է, թե հետագայում հնարավոր է պարզվի, որ պետությանը ծառայություն մատուցած ընկերությունների հետ մեկ անձից գնումներ կատարվեն կամ մրցույթներում միայն իրենք մասնակցեն. - «Ինձ անհանգստացնում է, որ ոչինչ չեն ասում... եթե կազմակերպել են, պետք է հպարտանային, որ տեսեք, այս ընկերությունները տրամադրել են այսպիսի գումար, այսպիսի լավություն են անում պետությանը, ազատում են այս ծախսերից, բյուջեից ոչ մի ծախս չի արվում, այդ ամենը արվում է ի հաշիվ այդ բարերարների, ու հանկարծ այդպիսի լավ բանը չեն ուզում ասել։ Սա ինձ համար կասկածելի է, որովհետև ի վերջո, տեսականորեն դա լավ բան է, որ պետությանը ազատում են ծախսերից։ Բայց եթե չեն ուզում էդ ծախսերն անողների անունները տան, ուրեմն մի բան այն չի։ Ես իրավունք ունեմ կասկածելու»։

«Ազատությունը» այսօր փորձել է հետաքրքրվել, թե ովքեր են սեպտեմբերի 21-ի համերգի հովանավորները։ Խոշոր հարկատուներից ոմանք զանգերին չէին պատասխանում, մյուսները նշում էին, որ աջակցություն չեն ցուցաբերել։

Ի դեպ, կառավարությունը Հանրապետության հրապարակի համերգի կազմակերպման համար մրցույթ չի հայտարարել։ Իսկ թե ինչու, «Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել, որը մնաց անպատասխան։

Կառավարությունը այսօր հրապարակեց սպասվող միջոցառումների ժամանակագրությունը. առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետև Հանրապետության նախագահի նստավայրում սպասվում է պարգևատրման արարողություն, ժամը 2-ից մայրաքաղաքի փողոցներում կլինեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, իսկ երեկոյան արդեն հրապարակում գլխավոր միջոցառումը տեղի կունենա։

Չի հրապարակվել սակայն, թե բուն միջոցառման ընթացքում ինչ է սպասվում։ Այս հարցը շատ է մտահոգում պատերազմում որդիներ կորցրած ծնողներին, նրանցից ոմանք պահանջում են չեղարկել կամ հետաձգել սեպտեմբերի 21-ի համերգը։ Վարչապետի օգնականը հանդիպել էր ծնողներին ու նշել, որ միջոցառումը, այնուամենայնիվ, կայանալու է։

Այսօր էլ հրապարակում նախապատրաստական աշխատանքները բուռն կերպով շարունակվում էին, փորձեր էին անցկացվում։

Իսկ թե ովքեր են հրավիրված համերգին, կառավարությունից չեն պատասխանում։ «Ազատությունը» կառավարության լրատվական ծառայությանը հարց ուղղեց՝ արդյո՞ք Հայաստանի նախկին նախագահներին հրավեր ուղարկվել է, խոստացան պատասխանել, սակայն հետո արդեն զանգերին չպատասխանեցին։