Մատչելիության հղումներ

Անկախության տոնը նշելու վերաբերյալ Փաշինյանի ձևակերպումը միանշանակ չի ընդունվել


Գործադիրի ղեկավարը երեկ կառավարության նիստին էր հայտարարել, որ տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, սակայն կառավարությունը որոշել է Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել. - «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:

Փաշինյանի հայտարարությունը հատկապես պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, կանանց, երեխաների է վրդովվեցրել։ Նրանք երեկվանից Ֆեյսբուքում միջոցառումը չեղարկելու պահանջով գրառումներ են տարածում։ Վարչապետի ձևակերպումը քաղաքացիներից շատերը միանշանակ չեն ընդունել։

«Էս իրավիճակում, ինձ թվում է, մենք իրավունք չունենք որևէ տոն նշելու», - ասաց մի կին։

«Պետք է նշվի, բայց ոչ էն ձևաչափով, որը ներկայացվում է», - ասաց մեկ ուրիշ երևանցի։

Այսպիսի կարծիք էլ հնչեց. - «Էն, ինչ որ եղել ա, արդեն պիտի մտքներումս լինի, ու պարտադիր ա, անպայման տոնել պարտադիր ա»։

Հրապարակախոս, խորհրդային շրջանի այլախոհ Վարդան Հարությունյանն ասում է՝ անկախության օրը պետք է նշել, անգամ այս իրավիճակում, բայց կարևոր են շեշտադրումները:

Ըստ հրապարակախոսի` Անկախության տոնի խորհուրդն այս տարի այլ պետք է լինի. - «Այդ անդրադարձը պետք է լինի նաև իր տրամաբանության մեջ, այսօրվա տրամաբանության մեջ, այս պատերազմի և պարտության տրամաբանության մեջ։ Այն չպետք է ձևակերպվի որպես գունեղ ինչ-որ տոնակատարություն, այն, ընդհակառակը, պետք է ունենա լուրջ խորհուրդ իր մեջ։ Կարծում եմ, որ այս տարի դա կարելի էր նշել և պետք է նշվեր, և էդ նշումը չպետք է բոլորովին նման լիներ նախկին նշումներին, նախկին տոնակատարություններին»։

Հարությունյանը կարծում է՝ Անկախության տոնին նվիրված ծախսերն էլ պետք է զուսպ լինեն. - «Մենք էն երկիրը չենք ո'չ հիմա, ո'չ էլ երեկ, որ կարողանանք մեզ շռայլություններ թույլ տալ։ Մենք բազմաթիվ շռայլություններ ենք մեզ թույլ տվել, և միշտ էլ դրանք ավելորդություններ են եղել։ Հիմա առավել ևս դրանք ավելորդություն են»։

Հանրապետության հրապարակում նախատեսվող Անկախության օրվան նվիրված միջոցառուման վերաբերյալ վարչապետի ներկայացրածից ավելի ոչ մի տեղեկություն կառավարությունից դեռ չեն հաղորդում։ Ի՞նչ միջոցառում է նախատեսվում, ովքե՞ր են դրանում ներգարվվելու , որքա՞ն գումար է ծախսվելու և ո՞ր ըննկերությունն է կազմակերպելու։ «Ազատությունն» այդ հարցերը կառավարությանն է ուղարկել։

«Դոմինո պրոդաքշնի» հիմնադիր Աշոտ Առաքելյանը հաստատեց տեղեկությունը, թե Հանրապետության հրապարակում նախատեսվող միջոցառման կազմակերպիչն իր ընկերությունն է։ Պնդեց, թե այն համեստ միջոցներով է կամզակերպվելու, դասական երաժշտություն է հնչելու, Հայաստանին ու Արցախին նվիրված երգեր են կատարվելու. - «Լինելու է սիմֆոնիկ նվագախումբ՝ երգչախմբով, դասական երաժշտությունով, հայկական երգերի կատարումներով, բոլոր ժամանակների սիրված և Հայաստանի տարբեր բեմահարթակներում ներկայացված երգերով»։

Թե որքան գումար է ծախսվելու Անկախության տոնին նվիրվախծ համերգին, Առաքելյանն ասաց՝ կոմերցիոն գաղտնիք է, բայց վստահեցրեց, թե միջոցառումը հովանավորներ ունի ու դեռ փնտրում են. - «Պետական ֆինանսավորում մեր մասով չկա։ Այսինքն՝ չգիտեմ։ Եթե լինի, ուրախ կլինենք... Էն աշխատանքները, որոնք իրականացնում ենք, դրանց համար հովանավորներ ենք փնտրել ու դեռ հիմա էլ շարունակում ենք փնտրել, որ կարողանանք մի բան էլ ավելացնել, որ պատշաճ լինի»։

Ըստ Առաքելյանի՝ կառավարությունը այս համերգի կազմակերպման համար մրցույթ չի հայտարարել, իրենք են դիմել, գործադիրն էլ ընդունել է իրենց առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG