Խոշորացվող Ախուրյանին միացվող Ոսկեհասկ համայնքը բաժանվել է ճամբարների

Ախուրյանին միացող Ոսկեհասկում առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման թեման մի քանի ճամբարների է բաժանել գյուղը. ոմանք կտրուկ դեմ են, ոմանք՝ կողմ, մյուսներն՝ անտարբեր։

Մոտ երկու հազար բնակիչ ունեցող Շիրակի մարզի այս համայնքում երիտասարդները քիչ են, հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան։ Իսկ մնացողներին էլ խոշորացման նախագիծը խորհրդային տարիների վարչական բաժանումն է հիշեցրել, դա սխալ են համարում։ Ասում են, թե որևէ փաստաթուղթ կամ տեղեկանք վերցնելու համար պիտի հասնեն Ախուրյան, ինչը, ժամանակի ու դրամի անիմաստ վատնում է։

Կառավարությունը,, մինչդեռ հիմնավորում է, որ խոշորացման հերթական փուլով համայնքների ապակենտրոնացում տեղի կունենա, կմեծանան դրանց տնտեսական զարգացման հնարավորությունները, փոքր գյուղերը ավելի արդյունավետ կմասնակցեն կառավարության սուբվենցիոն ծրագրերին, կլուծվի գյուղերում մասնագետների պակասի խնդիրը։

Ոսկեհասկցիները հիշում են, որ երբ 2016-ին համայնքները առաջին անգամ խոշորացվեցին, հանրային լսում եղավ, հիմա ոչ ոք գյուղ չի եկել ու իրենց կարծիքը չի լսել։

Խոշորացված համայնքի ղեկավարը համամասնական ընտրակարգով է ընտրվելու, այսինքն՝ ավագանիում մեծամասնանություն կազմող ուժի թեկնածուն համայնքը կղեկավարի:

Նախագծով, Ոսկեհասկից բացի, Ախուրյանին ևս 32 համայնք կմիանա։ Գյուղում մտահոգ են՝ արդյո՞ք ավագանու կազմում բոլոր համայնքերը ներկայացված կլինեն։ Չեն բացառում խոշորացված համայնքի ղեկավարի կողմից խտրական մոտեցումը։ Նաև մտավախություն ունեն, որ խոշորացման արդյունքում գյուղերի միջև կռիվ կընկնի:

Ոսկեհասկում նաև հանդիպեցինք խոշորացամանը կողմ արտահայտվողների:

Համայնքների խոշորացման նախագիծը այս ամսվա սկզբին արդեն արժանացել է կառավարության հավանությանը, սպասվում է, որ առաջիկայում Ազգային ժողովն էլ կընդունի վարչատարածքայի բաժանման մասին օրենքի փոփոխությունները։ Այս փուլում 441 համայնքներ կմիավորվեն՝ դառնալով 37:

Նախկին իշխանությունների օրոք 486 համայնքներ էին միավորվել՝ դառնալով 54-ը։ Արձագանքնելով հնարավոր դժգոհություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ իրենք այս հարցում քաղաքական որոշումն արդեն կայացրել են, խոշորացում տեղի կունենա։