Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռակողմ բանակացություններում միջանցքի հարց չի քննարկվում՝ այսօր Երևանում Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների կողմից կազմակերպված Armenian Business Forum-ի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Երեք երկրների միջև փոխվարչապետեր Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մակարդակով այս հունվարից՝ արդեն ինը ամիս գործում է աշխատանքային խումբ, որի նպատակը հաղորդակցական ուղիների վերագործարկումն է։
«Մեզ մոտ միջանցքներ չկան։ Մենք չենք քննարկում միջանցքների հարցը։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակում։ Նրանց մոտ առկա է դրական տրամադրվածություն», - նշեց Ալեքսեյ Օվերչուկը։
Նախորդ ամիսներին թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս խոսել են Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող միջանցքի բացման անհրաժեշտության մասին։ Մոտ մեկ ամիս առաջ CNN Turk-ին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը Ալիևը պայմանավորեց նաև «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, իսկ Թուրքիայի նախագահը երեկ հայտարարեց՝ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել, միաժամանակ տարակուսանք հայտնելով՝ եթե ցանկանում են հանդիպել իր հետ, Նախիջևանի միջանցքի հարցում պետք է հստակ քայլեր արվեն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվելու, իսկ այսօր ընդունելով Օվերչուկին՝ նշեց. «Մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում ենք որպես Հայաստանի շրջափակումը հաղթահարելու հնարավորություն, որում, ցավոք, արդեն գտնվում ենք ավելի քան 25 տարի: Հուսով ենք, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգենք»:
Միջանցքի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վերահաստատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարցին՝ քննարկվո՞ւմ են միջանցքի վերաբերյալ հարցեր, Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:
Իսկ թե եռակողմ հարթակում ի՞նչ հարցեր են քննարկվում, փոխվարչապետն արձագանքեց. «Քննարկվում են այն հարցերը, որոնց մասին ես բազմիցս ձեզ հետ խոսել եմ, վերաբերվում են՝ Ա. ենթակառուցվածքային հնարավոր լուծումները, Բ. իրավական կարգավորումը էդ լուծումների, որոնք եթե հնարավոր լինեն, ապա կլինեն, կրկնեմ, դա վերաբերվում է մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողական գործառույթների իրականացմանը»:
Եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումները մոտ երեք ամիս է դադարեցված էին, ինչ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, դիրքավորվեց և ցայսօր հրաժարվում է հեռանալ։ Նախորդ ամիսներին պաշտոնական Երևանը ամենաբարձր՝ վարչապետի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով հայտարարել էր, թե բանակցությունները կվերսկսվեն, եթե ադրբեջանական զինուժը դուրս գա Հայաստանի տարածքից և վերադարձվեն հայաստանցի գերիները։
Ադրբեջանցիները տակավին Հայաստանում են, ռազմագերիները Բաքվում, այնինչ բանակցությունները վերսկսվել են, ինչպես այսօր ասաց Օվերչուկը՝ աշխատանքային խմբի նախորդ՝ 7-րդ նիստը կայացել է օգոստոսի կեսերին Մոսկվայում։
«Ազատության» դիտարկմանը` հայկական կողմը բազմիցս նշել է, որ առանց ադրբեջանական զորքի Հայաստանի տարածքից դուրսբերման, գերիների վերադարձման՝ հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները, այնինչ տեսնում ենք, որ սկսվել են, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում, ցանկացած շանս, որը կայունացնում է իրավիճակը և բերում է խաղաղություն տարածաշրջանում, պետք է օգտագործել: Ենթակառուցվածքների մասով տարածաշրջանում ես ուզում եմ ասել՝ երկաթգծի մասով շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետև այդտեղ հիմնականում խոսքը գնում է ենթակառուցվածքների վերականգնման մասին, որոնք ժամանակին եղել և գործել են: Այդ իմաստով այդտեղ տեխնիկական լուծումները ավելի տեսանելի են, ավելի շատ կենտրոնացած ենք իրավական լուծումների իմ թվարկած սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթներ կազմակերպելու վրա: Ճանապարհների մասով դեռևս ավելի շատ քննարկվում է ենթակառուցվածքների տեխնիկական լուծումների հարցը»:
Armenian Business Forum-ի շրջանակում ուշագրավ թիվ հրապարակեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, թե ըստ հաշվարկների, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը ի զորու է միայն առաջին երկու տարիներին հայաստանյան տնտեսությունում ապահովել 30 տոկոս աճ։
Անկախության 30-ամյակի նախօրեին խախտվում է «Լեզվի մասին» օրենքը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայաստանցի լրագրողների հետ ռուսերեն էր շփվում։ Միայն ռուսերեն էին նաև միջոցառման ցուցապաստառների վրայի տարբերանշանները, այդ թվում՝ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների, որոնք կազմակերպել էին միջոցառումը, չկար նաև ռուսերեն հնչող ելույթների հայերեն զուգահեռ թարգմանություն, ինչպես պահանջում է «Լեզվի մասին» Հայաստանի օրենքը։
Վաղը Հայաստանը տոնելու է պետականության վերականգնման 30-ամյակը, և նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է խախտվում «Լեզվի մասին» օրենքը. «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»:
Ի դեպ, Ալեքսեյ Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը առավոտյան ասուլիս էին տվել, սակայն այդ մասին տեղեկացված են եղել խիստ սահմանափակ թվով լրատվամիջոցներ՝ ներառյալ Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն։ Թե ինչո՞ւ են Հայաստանի կառավարությունում որոշել լրատվամիջոցների մեծ մասից, այդ թվում «Ազատություն»-ից թաքուն ասուլիս կազմակերպել, օրվա ընթացքում չհաջողվեց ճշտել։