Մոսկվան սահմանի դելիմիտացիայի հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին և Երևանին, սպասում է պատասխանի

Ռուսաստանում սպասում են սահմանի դելիմիտիացիայի հարցերով Ադրբեջանի և Հայաստանի պատասխանին։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առանձին հատվածների իրավիճակին։ Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝Որոտան գյուղի մոտ, ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի պահանջարկը՝ ողջ երկայնքով՝ դրա հետագա դեմարկացիայով»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ այդ հաշվով ռուսաստանյան առաջարկները փոխանցված են Բաքվին և Երևանին, ռուսական կողմը սպասում է շուտափույթ պատասխանի։

«Զուգահեռաբար շարունակելու ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու ուղղությամբ՝ բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների իրագործման շրջանակներում», - նաև հավելել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։