Կառավարության այսօրվա որոշմամբ` Հատուկ քննչական ծառայությունը նախորդ երեք տարիներին ղեկավարած, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մոտ 17 տարի Երևանի դատախազությունում աշխատած, իսկ արյունալի՝ 2008թ. Երևանի դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնած Սասուն Խաչատրյանն այսօր նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ։
Նոր նշանակումից րոպեներ առաջ գործադիրը Խաչատրյանին ազատել էր Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից։
Հերթական պաշտոնին Սասուն Խաչատրյանի նշանակման հարցը կառավարությանը ներկայացնող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման համար այս սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքում երեք թեկնածուներից հենց Խաչատրյանն էր ստացել առավելագույն միավորները։
Թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի թիվ մեկ պատասխանատուն ինչ տեսլական ունի, այսօր լրագրողները չկարողացան պարզել, որովհետև Սասուն Խաչատրյանը գործադիրի նիստից հետո պարզապես խուսափեց հանդիպել մեդիայի ներկայացուցիչներին, փոխարենը մի կարճ ելութ ունեցավ կառավարության նիստում՝ վստահություն հայտնելով, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ու բացահայտման արդյունավետությունը կբարձրանա։
«Կառույցը, ըստ էության, լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է նաև օպերատիվ հետախուզական գործառույթներ: Կառույցը սկսելու է գործել առավելագույնը մեկ ամիս և վեց օր անց, անցումային դրույթներով են նախատեսված այդ ժամկետները: Ամբողջությամբ դեռևս այդ ընթացքում չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում նաև օպերատիվ ստորաբաժանումով կսկսի գործել, կարծում եմ, եկող տարվա սկզբից, և եկող տարվա ընթացքում նաև նախատեսվում է կառույցի համար ստեղծել տարածքային մարմիններ, և այդ տարածքային մարմիններն ստեղծելուց հետո նոր կարող ենք ասել, որ կձևավորվի ամբողջությամբ, կսկսի գործել ողջ թափով», - ասաց Սասուն Խաչատրյանը:
Նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի իրավասությանն է անցնելու Հայաստանում կոռուպցիոն գործերի քննությունը, որը նախկինում իրականացնում էին մի քանի իրավապահ մարմիններ՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն և Պետեկամուտների կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո չի գործի 2007թ. ստեղծված Հատուկ քննչական ծառայությունը։
ՀՔԾ պետի պաշտոնում նշանակվելուց ճիշտ երեք ամիս անց՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ-ի այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը հրատապ ասուլիս հրավիրեցին՝ արձագանքելու Մարտի 1-ի գործով իրենց հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակմանը։ Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետը այդ օրը հրապարակավ խստացավ վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները և օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին։
Անցել է ավելի քան երեք տարի, բայց ժողովրդից թալանված միլիարդների վերադարձը շարունակում է մնալ իշխանությունների նախընտրած հայտարարությունների թեման, իսկ Մարտի 1-ի գործով դատավարությունն, ըստ էության, ավարտվեց՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուս մեղադրյալների արդարացմամբ։
«Մենք փորձում ենք ամրատախիլ անել կոռուպցիան այս երկրում, մենք փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, մենք փորձում ենք պարզել և օրենքի դաշտ կանչել մարդասպաններին և այդ մարդասպանների հովանավորներին», - այդ ժամանակ ասել է Խաչատրյանը:
Իրավապաշտպան. Սասուն Խաչատրյանը զրո արդյունավետություն է ցուցաբերել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով` թե՛ դատախազությունում, թե՛ ՀՔԾ-ում աշխատած տարիներին Սասուն Խաչատրյանը զրո արդյունավետություն է ցուցաբերել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում։
«Քրեական գործեր են հարուցվել պահակների, վարորդների, դպրոցների տնօրենների վերաբերյալ, դրանից այն կողմ որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել այն դեպքերում, երբ որ քաղաքը, ուղղակի բոլորը գիտեին, թե ով ինչ ունեցվածք ունի: Արդյունքում մենք չունենք որևէ գործ, որը հասցրել է իր նպատակին, այսինքն` պատասխանատվության է ենթարկվել մեղավորը: Սա ինձ մոտավորապես հիշեցնում է, երբ Հովիկ Աբրահամյանին նշանակեցին Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար»:
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն` կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը վեց տարի է, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել այս պաշտոնում: