Մրցութային խորհրդը ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար ստացել է 3 հայտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովի անդամ է։
Նրա փոխանցմամբ, մասնավորապես, հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ղեկավարի պաշտոնին հավակնում են Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:
«Նախատեսվում է, որ սեպտեմբերի առաջին կեսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից կստացվեն հայցորդների մասով բարևարքության տեղեկանքներն ու կկայանան հարցազրույցները: Դրան, սակայն, նախորդելու է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը», - գրել է Իոաննիսյանը։
Իոաննիսյանի կանխատեսմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն, կսկսի գործել աշնանից։ Կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը։ Կոմիտեի ձևավորումից հետո չի գործի 2007 թվականին ստեղծված Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։