Փորձագետներն ահազանգում են՝ Գորիս-Կապան միջպետական Մ2 ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածներում ստեղծված իրավիճակը լոգիստիկ լրջագույն խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար։
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերը Որոտան գյուղի մոտակայքում՝ նախկինում ադրբեջանաբնակ, այժմ չբնակեցված Էյվազլիի մոտ անցակետ են դրել և ստուգում են իրանական բեռնատարները։ Շաբաթներ առաջ էլ Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածներում էին ճանապարհը փակել, բանակցությունների արդյունքում այն վերաբացվեց, սակայն ինչ պայմաններով՝ մնաց վարագույրի հետևում։
Ադրբեջանական ուժերը ճանապարհի ընդհանուր առմամբ 21 կիլոմետրանոց հատվածներում տեղակայվել էին դեկտեմբեր ամսին. խորհրդային քարտեզներով այդ տարածքները Զանգելան և Կուբաթլու շրջաններում են, որոնց զգալի մասը պատերազմից հետո ադրբեջանական տիրապետության տակ էր հայտնվել։
Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանն ասում է՝ Հայաստանը լոգիստիկ լուրջ խնդիրներ միշտ է ունեցել: Ըստ նրա, արցախյան առաջին պատերազմից հետո Գորիս-Կապանը Հայաստանի ամենակարևոր ճանապարհներից էր դարձել:
«Այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը շատ կարևոր էր, որովհետև երբ որ Հայաստանը լրիվ շրջափակման մեջ էր, հենց Իրանից էր գալիս ամենամեծ օգնությունը արցախյան առաջին պատերազմի ընթացքում», - ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողը:
Մանվելյանն ընդգծում է՝ Իրանի հետ կապը Հայաստանի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Փորձագետն ասում է՝ հարևան երկրի հետ էլեկտրացանցային կապ կա, նախկինում էլ խոսվում էր երկաթգծի կառուցման մասին, այժմ այդ ամենը վտանգված է:
«Տարեկան մոտավորապես 25 հազար մեքենաներ են հատում Իրան-Հայաստան սահմանը, դա նաև ֆինանսական առումով է մեզ համար կարևոր, որովհետև բավական լուրջ գումար են մուծում, և ինքը ահռելի գումար է բերում: Հիմա մենք այս ամենից կտրվում ենք՝ և՛ այդ գումարից, և՛ այդ միջոցներից», - ընդգծեց նա:
Արմեն Մանվելյանի համոզմամբ՝ Ադրբեջանն այսպիսի գործողություններով նաև ցանկանում է այդ ֆինանսական հոսքերը իր տարածք ուղղորդել. այդուհանդերձ, հարցն առաջին հերթին պետք է դիտարկել պաշտոնական Բաքվից անդադար հնչող «Զանգեզուրի միջանցքի» կոնտեքստում:
«Հայկական կողմն ասում է՝ միջանցք չէ, այլ՝ հատուկ կարգավիճակով ճանապարհ, բայց անունը ոնց էլ դնենք, դրանից էությունը չի փոխվում: Երբ որ դու քո տարածքով ճանապարհ ես տալիս, որը դու չես վերահսկում, սա արդեն խոսում է նրա մասին, որ դու խնդիրներ ունես նաև ինքնիշխանության հետ կապված: Այսինքն՝ քո ինքնիշխանության մակարդակը սկսում է նվազել», - ընդգծեց փորձագետը:
Արդեն մի քանի օր շարունակվող այս իրավիճակին այսօր անդրադարձել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։ «Սիվիլնեթ»-ի հարցման ի պատասխան տեղեկացրել են՝ Թեհրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, սեպտեմբերի 12-ից Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը։
«Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների», - նշել են դեսպանությունից՝ հավելելով, որ Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար, - «Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը»։
Մինչ Գորիս-Կապան ճանապարհին պարբերաբար խնդիրներ են առաջանում, Հայաստանի իշխանությունները հայտարարում են այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման մասին։ 68 կիլոմետրանոց Տաթևով տանող ճանապարհը՝ շրջանցելով Գորիսը հասնում է Կապան՝ միանալով Մ2 միջպետական ճանապարհին: Այս ճանապարհը սակայն, դեռ ամբողջությամբ վերանորոգված չէ, գրունտային հատված կա։ Տարածքային կառավարման նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ընդունում են՝ այս այլընտրանքային ճանապարհի 6 կիլոմտերանոց հատվածում կցորդով բեռնատարների համար այժմ առաջանում են երթևեկության դժվարություններ։
Հայաստանն Իրանի հետ լայն առևտրաշրջանառություն ունի, հարևան երկրից Հայաստան է ներկրվում հիմնականում գազ, նավթամթերք, պարարտանյութ, շինանյութեր, Հայաստանից Իրան՝ էլեկտրաէներգիա, մսամթերք, անտառանյութ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ հարևան երկրի հետ արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան շուրջ 400 միլիոն դոլար է կազմում. «Այդ ապրանքների մոտ 18 տոկոսը կազմում է բնական գազ, որն, ըստ էության, ավտոմոբիլային ճանապարհի հետ կապ չունի, այլ մնացած ապրանքները ուղղակի կախվածություն ունեն ճանապարհից, և եթե այդ ճանապարհը անխափան չգործի, ըստ էության, Իրանից ներկրվող ապրանքների մոտ 80 տոկոսը չի հասնի Հայաստան կամ կհասնի ուշացումով, կամ էլ ծախսատար եղանակով»:
Տնտեսագետը շեշտում է՝ հարավային ուղղությամբ Հայաստան են գալիս ոչ միայն իրանական այլև ասիական բեռներ: Երկարաժամկետ հեռանկարում այս խնդիրը լուծելու համար, Պարսյանի խոսքով, նոր ճանապարհի կառուցումը այլընտրանք չունի։
«Մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը կարող է դառնալ միակ երկարաժամկետ այլընտրանք: Այս ճանապարհը կանցնի Սյունիքի մեջտեղով և հեռու կլինի կասկածելի, վտանգավոր իրավիճակներից», - ասաց տնտեսագետը:
Իսկ Տաթևով տանող այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, ըստ կառավարության, պետք է ավարտին հասնեն մինչև այս տարեվերջ։