Բրատիսլավան ողջունում է տարածաշրջանում կայունություն և կայուն խաղաղություն հաստատելու Երևանի ջանքերը

Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունություն և կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի նոր կառավարության ծրագիրն ու ջանքերը, այսօր հայտարարեց Սլովակիայի արտգործնախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իվան Կորչոկը հույս հայտնեց, որ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք կհանգեցնեն հաշտեցման։

Նա կոչ արեց՝ ձեռնպահ մնալ էսկալացիայի ցանկացած գործողություններից և լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

«Ցանկացած կոնֆլիկտ, եթե կա կամք և հաստատակամություն՝ խաղաղության հասնելու, լուծվում է։ Մենք, որպես Եվրամիության անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հուլիսի 29-ի նրանց հայտարարությունը վերահաստատում է կարիքը՝ համապարփակ և կայուն բանակցային լուծում գտնել հիմնական հարցերին», - ասաց Կորչոկը։

Ողջունելով օրերս Հայաստան տեղափոխված գերիների վերադարձը՝ նա նշեց, որ այս գործընթացը պետք է շարունակվի։ «Նմանօրինակ պայմաններ պետք է նաև թույլ տան ականզերծում իրականացնել՝ պահպանելու մարդկանց կյանքերը և կանխելու լրացուցիչ կորուստները​», - եզրափակեց Սլովակիայի արտգործնախարարը։

«Քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը»․ Միրզոյան

Միրզոյանն իր հերթին տեղեկացրեց, որ Սլովակիայի արտգործնախարարի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից՝ իրականացված Արցախի ու Արցախի ժողովրդի դեմ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին թույլ տրված հանցագործություններից։

«Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին։ Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից, և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություներից՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու վերաբերյալ», - ասաց Միրզոյանը։

Կողմերը կարևորել են առկա խնդիրները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Կորչոկը երեկ է ժամանել Հայաստան։ Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: